Ակնկալում ենք, որ կան երկրներ, որ պատրաստ են գնել. Սիմոնյանը՝ երկաթուղու հնարավոր գնման վերաբերյալ

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցում խոսելով երկաթուղու մասին, ասել էր, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում, ընդգծել՝ ՌԴ-ի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր:

Այսօր այս մասին լրագրողներից մեկը խորհրդարանում հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ այդ պատկերացումը միս ու արյուն ստանո՞ւմ է:

«Այո, քննարկում ենք նախ և առաջ ռուսական կողմի հետ, ակնկալում ենք հնարավորիս արագ արձագանքը»,- հայտնեց ԱԺ նախագահը՝ հավելելով՝ դա մեզ համար կենսական նշանակություն ունեցող նախագիծ է, որի հետ կապված չքննարկելու այլընտրանք չունենք:

Ճշտող հարցին՝ արդյոք պաշտոնապես քննարկվո՞ւմ է այդ հարցը, պատասխանեց՝ ինչ ասվել է, բարձրաձայն է ասվել:

«Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որ պատրաստ են գնել (երկաթուղին – խմբ.), բայց չեմ կարող ասել, որևիցե անուն ես տալ չեմ կարող: Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, և բնականաբար, կա հետաքրքրություն, խոսակցություն այդ մասին: Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի», – նշեց նա՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք կայացված է քաղաքական որոշումը երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու վերաբերյալ, տվեց բացասական պատասխան:

«Ո՛չ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է՝ բանակցելն անիմաստ է»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Հայաստանյան երկաթուղին ռուսական կառավարման ներքո հայտնվեց 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Այն կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարով՝ ևս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Չնայած պայմանագրի ավարտին դեռ 12 տարի կա, մեր երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետ վերցնել այդ հատվածները և պետբյուջեի միջոցներով վերականգնել:

Leave a Comment