Մեդիայում տարածված 3 սխալ Իրանում կատարվողի մասին – Live News

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Դասական Արևելքի և հնագիտության ինստիտուտի դոցենտ Մաքսիմ Ալոնցևը իր Pax Iranica թելեգրամյան ալիքում անդրադարձել է մի քանի թյուրըմբռնումներին, որոնք տարածվել են ԶԼՄ-ներում՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից հետո, փոխանցում է «Մեդիամաքսը»

Սխալ առաջին. Իրանում ընտրվել է նոր «գերագույն այաթոլա»

«Գերագույն այաթոլա» պաշտոն գոյություն չունի: Գոյություն ունի Գերագույն առաջնորդի (կամ Ռահբարի) պաշտոն, որին հաճախ անվանում են նաև հոգևոր առաջնորդ:

Սխալ երկրորդ. Ալիռեզա Արաքին նշանակվել է Ռահբարի «պաշտոնակատար»

Իրանի սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէ: Ալիռեզա Արաքին Ժամանակավոր կառավարող խորհրդում Սահմանադրության պահապանների խորհրդի ներկայացուցիչն է: Խորհրդի կազմում են նաև նախագահ Փեզեշքիանը և դատական իշխանության ղեկավար Էժեին:

Մեծ ցանկության դեպքում այս երեքին էլ կարելի է «պաշտոնակատար» անվանել, սակայն Ժամանակավոր խորհրդի գործառույթները, Ռահբարի լիազորությունների հետ համեմատ, զգալիորեն կրճատված են:

Սխալ երրորդ. ԱՄՆ-ին և Իսրայելին ջիհադ է հայտարարվել

Ջիհադ չի հայտարարվել: Այստեղ միախառնվել է երկու փաստ հեղինակավոր այաթոլա Նասեր Մաքարեմ Շիրազիի ցավակցական ուղերձից: Նա հայտարարել է, որ Ալի Խամենեիի սպանության համար «վրեժխնդրությունը» «աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է»:

Ջիհադն այդ ուղերձում իրոք հիշատակվում է՝ ընդամենը մեկ անգամ, և այն էլ՝ ոչ հանուն հավատի մղվող պատերազմի իմաստով: Մուսուլմանական տերմինաբանության մեջ «ջիհադ» եզրույթի կիրառությունը շատ ավելի բազմազան է: Առավել հաճախ «ջիհադ» ասելով հասկանում են ոչ թե զինված պայքար, այլ, ընդհակառակը, հավատացյալի արարչագործ ջանքը՝ Աստծուն մերձենալու ճանապարհին:

Իրանական պաշտոնական հռետորաբանության մեջ բառի նման կիրառությունը հազվադեպ չէ: Օրինակ՝ գոյություն ունի «արարչագործ ջիհադի» հայեցակարգը. այդպես էին անվանում երկրի վերականգնումը իրանա-իրաքյան պատերազմից հետո:

Սակայն այս դեպքում դա այնքան էլ էական չէ: Մենք գործ ունենք ցավակցական տեքստի, այլ ոչ թե ֆեթվայի հետ: Այսինքն՝ դա հեղինակավոր հոգևորականի անհատական հայտարարություն է, որը հրահանգչական կարգավիճակ չունի:

Leave a Comment