Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է «Քովիդ-19-ի գործով». ԶԼՄ – Armenia Today

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան և ցուցմունք տվել «Քովիդ-19-ի գործով» քննվող քրեական վարույթի շրջանակում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ նախարարը դատարանից երկու անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով չի ներկայացել։ Ի վերջո, օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան և ցուցմունք տվել։ Ցուցմունքների բովանդակությունը և գործով հնարավոր զարգացումները պաշտոնապես չեն հաղորդվում։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում նույն գործով նախատեսվում է նաև համավարակի տարիներին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանի հարցաքննությունը։

Քրեական վարույթը վերաբերում է 2020-2022 թվականներին կորոնավիրուսի համավարակի ընթացքում պետական միջոցների հնարավոր յուրացմանը և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։ Ըստ քննության տվյալների՝ 2020 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի փետրվարը «Medline Clinic» ԲԲԸ-ի առնվազն 20 աշխատակիցներ կեղծել են 829 հիվանդի էպիկրիզներ՝ ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ հիվանդները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում։ Ընկերության տնօրենը այս կեղծ փաստաթղթերի հիման վրա հաշվետվություններ է ներկայացրել առողջապահության նախարարություն, ինչի արդյունքում նախարարությունը փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարին ի հավելումն ընկերության հաշվին փոխանցել է լրացուցիչ 263 միլիոն 480 հազար դրամ։

Քրեական վարույթի շրջանակներում նախկինում ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ, նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Medline Clinic»-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը և ևս ութ անձինք։ 2024 թվականի ապրիլին դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատել և ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment