Իսրայելը և ԱՄՆ-ը մարտի 1-ին Նաթանզի իրանական միջուկային օբյեկտին ուղղված երկու հարված են հասցրել՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։
«ԱՄՆ-ի և Իսրայելի հանցավոր ռեժիմները, շարունակելով իրենց ագրեսիան, կիրակի օրը կրկին երկու դաժան հարձակում են իրականացրել Նաթանզի միջուկային օբյեկտի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը», – նամակից մի հատված է մեջբերում Tasnim-ը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 2-ին հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակները։ Ըստ գերատեսչության՝ զոհերի թվում հայերի մասին տեղեկություն չկա։ Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայից Armenia Today-ին հայտնել էին, որ Fly One Armenia-ի ինքնաթիռն արդեն վերադառնում է Օմանի մայրաքաղաք Մասկատից, որտեղ մեկնել էր հայերին տեղափոխելու համար։
