Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացիկ պատկերը։ Նա լրագրողներին ասել է, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրությանը։ Քննարկումների կենտրոնում մնում Անկախության հռչակագրին հղումը պահպանելու կամ հեռացնելու հարցը։
Ե՞րբ կհրապարակվի ՀՀ փոփոխված սահմանադրության տեքստը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին տեղեկացնում է, որ դա տեղի կունենա այս ամսվա ընթացքում։
«Մարտին կհրապարակվի։ Մարտը դեռ շարունակվում է։ Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին։ Տեքստը գրեթե պատրաստ է, մենք քննարկումներ պետք է սկսենք նաև խմբակցության մեր գործընկերների հետ, այնուհետև որոշում կկայացվի հրապարակելու տեքստը, բայց պետք է նկատի ունենանք, որ տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված»։
Սրբուհի Գալյանն ասում է, որ հանրությանը ներկայացվելու է փաստաթղթի նախնական տարբերակը, և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բաց է լայն քննարկումների, առաջարկների և դիտարկումների համար։ Ակնկալվում է, որ նոր սահմանադրությամբ երկրի կառավարման գործող համակարգը փոփոխության չի ենթարկվի։
Նախարարը նշել է նաև, որ Սահմանադրության նոր տեքստը գրեթե պատրաստ է։ Այս հայտարարությունից հետո լրագրողները փորձել են պարզել, թե կոնկրետ ինչ է նշանակում «գրեթե պատրաստ լինելը», և աշխատանքների որ փուլի մասին է խոսքը։
«Պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը, իսկ երկրորդ և երրորդ գլուխների դեպքում գնացել ենք միավորման ճանապահով, այսինքն՝ դարձրել ենք մեկ գլուխ, դա նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները, օրինակ՝ առողջապահության իրավունքը, ավելի ամրապնդվել է»։
Այս առնչությամբ Սրբուհի Գալյանը շեշտում է, որ պետությունը հանձնառու է ստանձնելու առավել մեծ պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ նախարարը փաստում է՝ այն հոդվածը, որով թույլատրվում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, դեռ չի մտել քննարկումների փուլ։
Թեև արդարադատության նախարարը վստահեցնում է, որ Սահմանադրության նախնական տարբերակը կհրապարակվի մարտին, բաց է մնում նոր մայր օրենքի շուրջ գլխավոր ինտրիգը․ արդյո՞ք նոր սահմանադրության նախաբանում կպահպանվի հղումը Անկախության հռչակագրին, թե՞ ոչ։
«Դեռ չենք որոշել։ Ամեն դեպքում սա մի հարց է, որը շատ երկար քննարկել ենք։ Որոշումը խորհուրդն է ընդունում․ խորհրդում այդ հարցը դեռ չի քննարկվել»։
Դեռևս մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն անդրադարձել էր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին կատարվող հղումը հեռացնելու հարցին։
«Այդ Անկախության հռչակագիրն ու բովանդակությունն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է։ Եվ հիմա հարցը, թե որն է իրական Հայաստանը, հետևյալն է․ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում»։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Անկախության հռչակագիրը ընդունման տարիներին Հայաստանի քաղաքական ու մտավորական շրջանակների ընդհանուր տրամադրությունների և մտածողության արտացոլումն է եղել։
Այդուհանդերձ, նոր սահմանադրության նախագծով զբաղվող Արդարադատության նախարարությունը դեռևս վերջնական ու հստակ դիրքորոշում չունի այս հարցի շուրջ։ Նախարար Սրբուհի Գալյանն այսօր ևս զերծ մնաց հավելյալ մանրամասներ հայտնելուց՝ փաստելով միայն, որ թեմային կանդրադառնան աշխատանքի ամփոփիչ փուլում։
Անկախության հռչակագրին հղումը ՀՀ սահմանադրությունից տարանջատելու և նոր մայր օրենք ստեղծելու հարցը սկսեց ակտիվորեն շրջանառվել այն բանից հետո, երբ Բաքուն Երևանի առջև պայման դրեց փոխելու Սահմանադրությունը։ Դա դիտարկվում էր որպես խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայման։
Մյուս կողմից՝ ընդդիմությունը պնդում է, որ երկրի հիմնական օրենքի փոփոխությունն անթույլատրելի, հատկապես արտաքին ուժերի պահանջով։