«Յուրաքանչյուր հանցագործության դեպք և առավել ևս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում և մտահոգությունների տեղիք տալիս, նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսում»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս զինծառայողի մահվան դեպքին։
«Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն՝ մենք կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն, և դրան համարժեք քայլեր կարվեն»,- ասել է նա և հավելել, որ բանակում մահերի թիվը չի ավելացել:
Ըստ պաշտոնյայի՝ նման դեպքերը հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը համարում են շատ ցավալի, փորձում ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերանան կամ առնվազն նվազագույնի հասցնեննման դեպքերը:
«Դեպքի հետ կապված որևէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, որովհետև քրեական վարույթ է նախաձեռնված և վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտա»,- ասել է Սարգսյանը՝ ի պատասխան ենթադրության, թե զինծառայողը ենթարկվել է ճնշումների:
Փետրվարի 26-ին ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։
Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է, և նա հայտնաբերվել է։