2 մարտի 2026 – 14:34 AMT
PanARMENIAN.Net – Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա, ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նա նշել է, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտ ամսին կհրապարակվի, հայտնում է Radar Armenia-ն:
«Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նախաբանը և առաջին գլուխը դեռ չեն քննարկվել և պատրաստ չեն։
«2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները. Պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,-ասել է Սրբուհի Գալյանը։
Գալյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առանձին գլուխը ևս դեռ պատրաստ չէ և չի քննարկվել, հայտնում է Panorama.am-ը:
«Կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ ունենք, որ դեռևս չեն քննարկվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տեքստի պատրաստ լինելուն պես այն կհրապարակվի և կդրվի հանրային քննարկման։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: