Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 20 մարդ է զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 20 մարդ է զոհվել

2 մարտի 2026 – 14:04 AMT

PanARMENIAN.Net – Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Բեյրութի հարավային արվարձանի և Լիբանանի հարավային բնակավայրերի ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։

Մոտ 50 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրին։

«Նախնական տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում և Լիբանանի հարավի բնակավայրերում առնվազն 20 զոհ և 50 վիրավոր կա», – ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը նաև նշել է, որ երկրի հարավում արկը հարվածել է բնակելի տան, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ՝ նույն ընտանիքի անդամներ։

Լիբանանի դպրոցներում և համալսարաններում դասերը չեղարկվել են անվտանգության իրավիճակի սրման ֆոնին՝

«Ելնելով կրթական համայնքի անվտանգության նկատմամբ հոգատարությունից և հաշվի առնելով անվտանգության ոլորտում առկա բացառիկ պայմանները՝ որոշում է ընդունվել մարտի 2-ին փակել բոլոր պետական և մասնավոր դպրոցներն ու լիցեյները, ինչպես նաև մասնագիտական և տեխնիկական կրթության հաստատությունները», – ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև վճռականորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները, որոնց ենթարկվում է Լիբանանը և նրա բնակչությունը, և վերահաստատել է լիակատար համերաշխությունը այն համաքաղաքացիների հետ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a Comment