
«Եթե դուք «կուկուռուզ» ու «պերաշկի» չեք սիրում, դա ձեր խնդիրն է»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով լրագրողները դիտարկմանը, թե Հայաստանի հարևան երկրում՝ Իրանում, վերջին օրերին պատերազմ է, իսկ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և կառավարության անդամները ավտոբուսում ցուցադրաբար եգիպտացորեն ու կարկանդակ են ուտում։
Լրագրողներից մեկը նկատեց՝ ՀՀ-ն անգամ ցավակցություն չի հայտնել զոհերի, այդ թվում՝ Իրանի բարձրաստիճան հոգևորականի մահվան առիթով։ Սրբուհի Գալյանը հարցով պատասխանեց․ «Կներեք, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է ՀՀ սահմաններից դուրս»։ Ճշտող հարցին՝ նորմա՞լ է, որ մեր սահմանների մոտ պատերազմ է, իսկ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավ են իրականացնում, նախարարը պատասխանեց. «Ի՞նչն է խանգարում դա անել, եթե այս պահին, վստահաբար Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից և ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է․․․»։
Հարցին, թե Իրանում պատերազմը ինչպես կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, Սրբուհի Գալյանը չմեկնաբանեց, քանի որ այդ ոլորտի մասնագետը չէ։ Բայց պնդեց․ «Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Օրինակ, վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում»։