Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածում՝ այն լրացնելով նոր՝ 2.1-ին մասով։
Սահմանվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չի տարածվում՝
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած անձանց վրա,
- ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա։
Միաժամանակ նախատեսվում է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ անձանց նկատմամբ գործող կարգավորումների կիրառումը չտարածելու անհրաժեշտությամբ։
Խոսքը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերին, որոնք նախատեսում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ինչպես նաև պետական բյուջե համապատասխան գումարների վճարման միջոցով ծառայությունից ազատման կամ ծառայության կրճատված ժամկետով անցնելու հնարավորություններ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքով 19-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին և 1.2-րդ մասերով, որոնց համաձայն՝
- որոշակի տարիքից հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և սահմանված ժամկետով ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները ենթակա են զորակոչի,
- նախատեսված են նաև պետական բյուջե 2.5 մլն, 5 մլն, 8 մլն կամ 15 մլն դրամ վճարելու միջոցով ծառայությունից ազատման կամ կրճատված ժամկետով ծառայության հնարավորություններ,
- սահմանված են հատուկ կարգավորումներ ծառայությունից խուսափած անձանց համար։
Սակայն 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված կամ բռնի տեղահանված անձանց դեպքում նշված նորմերը գործնականում առաջացնում են խնդիրներ։
Մասնավորապես՝
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում նշված դրույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ,
- բռնի տեղահանման արդյունքում հաճախ չեն պահպանվել զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ փաստաթղթերը,
- արդյունքում դժվարանում է նրանց կարգավիճակի հստակեցումը և հետագա ինտեգրումը։
Այս համատեքստում առաջարկվում է 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չտարածել նշված անձանց վրա։
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նաև փոփոխություն կատարել զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարություն-ի 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է՝
- ապահովել ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված և բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հստակեցումը,
- վերացնել քաղաքացիություն ստանալու գործընթացում առաջացող խոչընդոտները,
- նպաստել նրանց ինտեգրմանը և վերաինտեգրմանը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.2 Միգրացիա» բաժնով սահմանված առաջնահերթությունների հետ։
Այն ուղղված է՝
- ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորմանը,
- հայրենադարձության խթանմանը,
- բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի կայունացմանը։
Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։