Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին

Իսրայելը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է շիական «Հեզբոլլահ» շարժումը։

Հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության, հայտնում է Reuters-ը։
Ականատեսների խոսքով՝ լսվել է ավելի քան տասը հզոր պայթյուն։

Գործակալության տվյալներով՝ սա 2024 թվականից ի վեր Բեյրութի այդ հատվածներին հասցված ամենաուժեղ հարվածներից է։

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» սկսել է գիշերային հարձակում Իսրայելի դեմ և կրում է լիակատար պատասխանատվություն հնարավոր սրացման համար։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ իրականացվել են թիրախային հարվածներ Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, ինչպես նաև հարված է հասցվել խմբավորման ղեկավարներից մեկին Լիբանանի հարավում։

Leave a Comment