Թրամփն ու Նեթանյահուն դեռ դեկտեմբերին են սկսել Իրանի դեմ համատեղ հարվածների պլանավորումը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի դեկտեմբերի վերջին Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ընթացքում սկսել են քննարկել Իրանի դեմ հնարավոր համատեղ ռազմական հարվածների մանրամասները, հայտնել է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Ըստ հաղորդագրության՝ Նեթանյահուն բարձրացրել է Իրանի դեմ գործողությունների շարունակման հարցը՝ կապելով այն 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի հետ։ Սկզբնական փուլում հարձակման հնարավոր ամսաթիվ է դիտարկվել մայիսը, սակայն հետագայում ԱՄՆ-ն նախընտրել է տարածաշրջանում ռազմական ուժերի կուտակում։

Նշվում է, որ Վաշինգտոնը միաժամանակ փորձել է բանակցություններ վարել Թեհրանի հետ։ Ժնևում կայացած բանակցություններին մասնակցել են նաև Թրամփի օգնականներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտքոֆը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները նպատակ չունեին Իրանի համար անակնկալ ապահովելու, այլ անհրաժեշտ էին գնահատելու՝ հնարավոր է արդյոք համաձայնության հասնել։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ բանակցությունները փակուղի են մտել երեք հիմնական հարցի շուրջ․

Իրանը մերժել է քաղաքացիական միջուկային ծրագրի համար անժամկետ միջուկային վառելիքի առաջարկը,

հրաժարվել է քննարկել բալիստիկ հրթիռների ծրագիրը, և չի համաձայնել խոսել իր կողմից աջակցվող խմբավորումների մասին։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը միաժամանակ վերականգնել է նախկինում ԱՄՆ հարձակման եթարկված միջուկային օբյեկտները։

Սպիտակ տունը նաև գնահատել է իրանական առաջարկը ԱԷՄԳ-ի հետ, ըստ որի՝ առաջարկվող պայմանները թույլ կտային հարստացնել ուրանը մոտ հինգ անգամ ավելի, քան նախատեսված էր 2015 թվականի միջուկային համաձայնագրով։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Վաշինգտոնը դիտարկել է նաև փետրվարի 28-ին հնարավոր հարվածի տարբերակը՝ Իրանի գերագույն առաջնորդի հանդիպման օրը։

Իսրայելական հետախուզության ներկայացուցչի գնահատմամբ՝ եթե Թեհրանը ընդուներ Վաշինգտոնի պահանջները, ռազմական սցենարը կարող էր չկիրառվել, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Leave a Comment