Փետրվարի 27-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերան էր․ այս տարի արդեն երրորդը։ Թատրոնը, կարծես, շնչում է արագ ու համարձակ ռիթմով՝ նոր ներկայացումներով հաստատելով իր ստեղծագործական զարկերակը։
Երևանյան թատերական կյանքը այս օրերին ապրում է հագեցած, բազմաշերտ ընթացք, իսկ Ստանիսլավսկու թատրոնը շարունակում է մնալ այն վայրերից մեկը, որտեղ դասականն ու ժամանակակիցը հանդիպում են նույն բեմում՝ ստեղծելով նոր խոսք, նոր ներշնչանք, ըստ այդմ՝ նոր ու հրաշալի ներկայացումներ։
Թատրոնում կայացավ տնօրեն Սուրեն Շահվերդյանի նոր բեմադրությունը՝ «Համլետ. Collapse», ուր նրա Համլետը այլևս մենավոր մեկը չէ՝ փակված իր ներքին կռիվների մեջ։ Նա գերծանրաբեռնված է ինֆորմացիայով, ճնշված է վախերով, խճճված կեղծ արժեքների և սպառողական մրցավազքի ցանցում։ Նրա գոյությունը ընտրություն չէ, այլ համակարգային հիվանդության ախտանիշ։ Այս աշխարհում ճշմարտությունը զենք է, սուտը՝ ախտ, իսկ ընտանիքը՝ դավաճանության առաջին օղակը։
Բեմադրիչը Համլետ հերոսի կերպարում Գոռ Համբարձումյան դերասանի միջոցով «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը այլևս վերացական փիլիսոփայության չի վերածել, այլ սոցիալական ու բարոյական ճգնաժամի կենտրոնում տառապող ու պայքարող անհատի ճիչի։
Շահվերդյանական Համլետը վրեժից առաջ անցնում է ինքնախոստովանության ճանապարհ․ վերջին մենախոսության մեջ ասում է «Ես եմ մեղավոր»՝ որպես հավաքական պատասխանատվության դատավճիռ։ Նա խոսում է թունավոր կյանքի, անգիտակից սպառման, տեխնոլոգիական կախվածության մասին՝ բացելով մեր օրերի «նորմա» համարվող կյանքի խեղված դիմակը։ Նրա «Ես եմ մեղավոր»-ը հնչում է ոչ միայն որպես անձնական խոստովանություն, այլ որպես մեր ժամանակի հավաքական ինքնախոստովանություն։
«Համլետ. Collapse»-ը հուսահատության մասին չէ։ Այն գիտակցության մասին է։ Այս Համլետը չի կործանվում. նա ընտրում է ապրել՝ ոչ թե հանուն իրեն, այլ հանուն այն մեկի, որին դեռ հնարավոր է փրկել։
Շահվերդյանի Համլետը ջինսով է, կերպարներից մեկում Կարեն Հակոբյանի դերասական ինքնատիպ խաղով ձեռքին՝ բջջային հեռախոս։ Նա ապրում է մեսսենջերների, հրապարակվող նամակագրությունների, անընդհատ հնչող ծանուցումների աշխարհում։ Մենախոսությունը այլևս փակ սենյակի գաղտնի խոսք չէ․ այն դառնում է հրապարակային գրառում, ձայնային հաղորդագրություն, տարածվող խոստովանություն։ Տեղեկատվական աղմուկը խեղդում է, իսկ ճշմարտությունը դառնում է վտանգավոր ֆայլ, որը կարող է ջնջվել կամ խեղաթյուրվել մեկ հպումով։
Բայց տեխնոլոգիական շերտը միայն ձև չէ։ Բեմադրիչը սրում է նաև ողբերգության կենսաբանական, մերկ ողնաշարը՝ հոր թունավորումը, մոր և հորեղբոր հարաբերության անսպասելի, գրեթե ցինիկ շտապողականությունը։ Դեռ «չսառած» անկողնու սավանը այստեղ ոչ միայն դավաճանության, այլ արժեքների փլուզման խորհրդանիշ է։ Սերը փոխարինված է կրքով, հավատարմությունը՝ շահախնդրությամբ, իսկ ընտանիքը՝ իշխանության արագ վերաձևակերպմամբ։
Այս միջավայրում Համլետը չի խելագարվում, իսկ նրա կերպարը չի թվում անհատական խանգարում։ Այն համակարգային կոլապսի հետևանք է։ Նա ոչ թե պարզապես որդի է, այլ քաղաքացի, մտավորական, մարդ, որ փորձում է ապրել մի իրականության մեջ, որտեղ բարոյականությունը մրցակցում է օգտակարության հետ, իսկ լռությունը երբեմն անվտանգ է թվում ճշմարտությունից։
«Լինե՞լ, թե՞ չլինել»-ը դառնում է սոցիալական հարցադրում․ մնա՞լ համակարգի ներսում և հարմարվե՞լ, թե՞ դիմադրել՝ նույնիսկ եթե դիմադրությունը կործանարար է։ Շահվերդյանի Համլետը վրեժի հերոսից ավելի շատ ինքնաքննադատ քաղաքացի է։
«Համլետ. Collapse»-ը փլուզման մասին է, բայց նաև՝ գիտակցության։ Եվ գուցե հենց այդ գիտակցությունն է ներկայացման ամենամեծ հույսը՝ ապրել ոչ թե հանուն վրեժի, այլ հանուն վերականգնման հնարավորության։
«Համլետ. Collapse»-ը ցնցող ժամանակակից ողբերգություն է, որը հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի վրա, որտեղ խելագարությունն այլևս ընտրություն չէ, այլ քայքայվող համակարգի ախտանիշ։ Պիեսի աշխարհը թունավոր իրականություն է, որտեղ իշխանությունը ճնշում է վախով, սերը՝ խեղում, իսկ ընտանիքը վերածվում է դավաճանների։ Ճշմարտությունը զենք է, սուտը՝ վիրուս, և մարդկությունը դանդաղորեն մահանում է իր սեփական պատրանքների մեջ։ Համլետը փորձում է շնչել բռնության, մանիպուլյացիայի և լիակատար վերահսկողության աշխարհ, բայց յուրաքանչյուր քայլ նրան ավելի է մոտեցնում կործանմանը։ Պիեսը պատռում է դիմակները՝ բացահայտելով արդիականության տգեղ նորմը, և ստիպում է հանդիսատեսին ընդունել. ոչ միայն Համլետն է խելագար, այլև ամբողջ աշխարհը, որը մենք թույլ ենք տվել մեզ ստեղծել։
Այս բեմադրության մեջ Համլետը չի խելագարվում։ Նա գիտակցում է։ Եվ այդ գիտակցությունը նրան մղում է ոչ թե ինքնակործան մոլորության, այլ վճռական, սարսափելի գործողության։ Իշխանության համար մղվող պայքարը քայքայում է ընտանիքը, բարոյականությունը, արյունակցությունը։ Մայրը, հորացու հորեղբայրը, հարազատ եղբայրը, Օֆելիայի հայրը՝ բոլորը հայտնվում են նույն փակ օղակում, որտեղ սերը վաղուց փոխարինվել է շահախնդրությամբ, իսկ վստահությունը՝ կասկածով։
Շահվերդյանի մեկնաբանությամբ ողբերգությունը չի ծնվում մեկ մարդու ներսում։ Այն համակարգային է։ Երբ իշխանությունը դառնում է գերագույն արժեք, մարդկային կյանքը դառնում է փոխանակելի։ Այս Համլետը ոչ թե խելագար է, այլ դաժանորեն հետևողական՝ մի իրականության մեջ, որտեղ իշխանատենչությունը վերացնում է ընտրության հնարավորությունը։
Եվ հենց այստեղ է ներկայացման ամենացավոտ շեշտադրումը․ երբ բոլորը ձգտում են իշխել, վերջում մնում է միայն դատարկ գահը։ «Համլետ Collapse»-ը ոչ միայն անձնական, այլ պետական, հասարակական ու բարոյական փլուզում է։
Այդպիսով բացահայտելով մի համակարգ, որտեղ իշխանությունը վեր է մարդուց, իսկ փլուզումը՝ անխուսափելի։