Նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի իրավասության ներքո. Գրիգոր Առաքելյան

Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի  մահվան մասին լուրը պաշտոնապես հաստատվելուց հետո, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին տեղեկացրեց, որ  շուտով կհայտարարվի Գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող  Ժամանակավոր խորհուրդի կազմավորման մասին։

Նշենք, որ Իրանի  Գերագույն առաջնորդի  բացակայության (մահվան) դեպքում, երկրի Սահմանադրության համաձայն, նախատեսված է իրավահաջորդության հստակ գործընթաց։

Նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի  իրավասության  ներքո։
Ժողովրդի կողմից երկրի  բարձրահգույն հոգեւորականներից  ընտրված Բանիմացների Խորհրդի  անդամները պարտավոր են  Գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնանկության կամ հրաժարականի դեպքում  հնարավորինս կարճ ժամկետում ընտրել նոր առաջնորդ։

Սակայն մինչեւ նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը, վերջինիս լիազորություններն ստանձնում է   «Ժամանակավոր խորհուրդը», որը բաղկացած է    երեք անդամից՝
• Հանրապետության նախագահ
• Դատական իշխանության ղեկավար
• Սահմանադրության պահապանների խորհրդի կրոնագետ անդամներից  մեկը (ընտրվում է «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող  խորհրդի» կողմից)

Տարաձայնությունների կամ հատուկ հարցերի առաջացման դեպքում Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող   խորհուրդը նույնպես կատարում է համակարգողի դեր։

Ժամանակավոր խորհրդի ձեւավորման պահին, Հանրապետության նախագահի   անհասանելիության դեպքում, փոխարինումն  ավտոմատ կերպով չի իրականացվում  նախագահի առաջին տեղակալով։ Այլ օրենքը հստակ սահմանում է, որ   նշանակումը կատարվում է Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի կողմից։ 

Առայժմ հաստատված է միայն Ժամանակավոր խորհրդի կազմում ԻԻՀ Դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեիյն Մոհսենի Էժեիի անունը։

Գրիգոր Առաքելյան, Արտակարգ և լիազոր դեսպան

Leave a Comment