Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի իգական դպրոցի իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի, 95 մարդ էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի դատախազությանը։
Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ ե։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։
Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելը դպրոցի ուղղությամբ հարձակվել էր փետրվարի 28-ի առավոտյան։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնամասշտաբ հարձակում են սկսել Իրանի ուղղությամբ՝ թիրախավորելով այդ երկրի ռազմական օբյեկտները։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ։ Սակայն իրանական կողմի ամենամեծ կորուստը գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է։ Դրան ի պատասխան Իրանի զինված ուժերը հարվածել են Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Մինաբում տեղակայված էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաներից մեկը, որն էլ ենթադրաբար եղել է թիրախներից մեկը։
Լուսանկարը՝ Abbas Zakeri/Mehr News/WANA via Reuters
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter