Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «արդարությունը հաղթանակեց» այն բանից հետո, երբ երեկ Թեհրանում Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարվածից սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, գրում է Times of Israel-ը։
«Բռնապետ Խամենեին ոչնչացվել է «Առյուծի մռնչյուն» գործողության առաջին հարվածի ժամանակ՝ իրանական ահաբեկչական վարչակարգի հենակետում գտնվող այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ,- ասված է Կացի հայտարարության մեջ։- Ով ձգտում էր Իսրայելի ոչնչացմանը, ինքը ոչնչացվեց։ Արդարությունը հաղթանակեց, և չարի առանցքին կործանարար հարված հասցվեց»։
Մարտի 1-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հայտնել է «պատմության ամենաչար մարդկանցից մեկի»՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Միևնույն ժամանակ, Tasnim գործակալությունը պնդում էր, թե գերագույն առաջնորդը շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները օպերատիվ շտաբից։
Հիշեցնենք, որ Իրանում հաստատել են երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։
Ավելի վաղ Fars գործակալությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Ալի Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսներից մեկը։