Ձմռան ամիսներին ավելացել են գայլերի հարձակումները ոչխարների վրա. գիշատիչները բնակավայրեր են մտնում

Արմավիրի մարզում այս ձմեռ գայլերը շուրջ 150 ոչխար են հոշոտել, տուժել է Բաղրամյան համայնքի երեք տնտեսություն։ Վերջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Բաղրամյանի Քարակերտ գյուղում: Վնասվել է 30 ոչխար: Վնասը մեղմելու նպատակով Բաղրամյանի համայքապետարանը ավելի վաղ տուժած երկու տնտեսվարողներին 300 հազարական դրամ է հատկացրել։

Ձմռանը կեր գտնելու համար գայլերը երբեմն գյուղեր են հասնում։ Քաղցած գիշատիչները հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Վերջին դեպքերը տեղի են ունեցել Քարակերտ և Արգինա գյուղերում: Փետրվարի 27-ի առավոտյան գայլը հարձակվել է Քարակերտի բնակիչ Սինոտ Թամոյանի ոչխարների հոտի վրա և րոպեների ընթացքում հոշոտել շուրջ 40 ոչխար: Քնարիկ Հասոյանն ասում է, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տնից քիչ հեռու:

«Ամբողջը միասին 80 գլուխ ոչխար էր: Մենք երկաթգծի փողոցում ենք ապրում, գիծը հենց մեր տան մոտ է: Ոչխարներին հանել է գծի հետևը: Մի քիչ մառախուղ էր, անձրև, թիփի (բուք): Էրեխեն էդ երկաթգծի կողմն է եղել, իբր գնացքը գա՝ ոչխարներին չվնասի, գնացքի տակ չընկնեն: Արդեն ճանապարհի կողմից տեսել է, որ ոչխարները փռված են: Ինքն էլ է վախեցել: Փռված ոչխարներին թողել է գծի հետևն ու եկել տուն հորն ու պապին ասել: Գայլ է եղել, 30 հատ գցել է գետնին, մի 10 գլուխ էլ վիրավոր է»:

Անասուններին ձեռք են բերել տարեմուտից առաջ: Վարկ են վերցրել մի քանի բանկերից ու 50 գլուխ հղի ոչխար գնել՝ ենթադրելով, որ ոչխարները կբազմանան, իրենք էլ վաճառքի գումարով վարկը կմարեն:

«Վարկ էինք վերցրել, ոչխար առել: Ինքը 2 տղա ունի՝ մեկը 15 տարեկան, մյուսը՝ 16: Ես իր հորաքույրն եմ  ու իր հետ եմ ապրում: Համ գառը սատկեց, համ՝ ոչխարը, էդ վարկն էլ իրենց վրա մնաց»:

Մաքիների ծինը սկսվում է փետրվար-մարտ ամիսներին: Հոշոտված  ոչխարների մի մասը հղի էր, մի մասն արդեն ծնել էր:

«Ծնել են արդեն, էդ սատկածների մեջ կան մայրեր, որոնց գառները փոքր են՝ 20 օրական, մի ամսական: Դրանք էլ կսատկեն, որ մոր կաթը չուտեն, ինչ պիտի անեն՝ կսատկեն, կպրծնեն»:  

Սա Քարակերտում գայլերի հարձակման արդեն երկրորդ դեպքն է: Հունվարի 4-ի ցերեկը գայլը հոշոտել էր Աղասի Սիրեկանյանի 50 գլուխ ոչխարը:  

«Օրը երկու անգամ ոչխարների մեջ եմ լինում՝ կեր եմ տվել, ջուր: Մինչև ցերեկվա 4-ը նորմալ է եղել, ես գոմում ջուր էի լցնում, տունը մարդ եկավ, գնացի: Մինչև ճանապարհեցի ու դուրս եկա՝ խոտ էի փռել, որ ուտեին, տեսա արդեն գայլը հոշոտել էր: 41 գլուխ տեղում սատկել էր այդ օրը, մի 9 գլուխ էլ, որոնց վզերը ծակել էր՝ տարբեր օրերի սատկեցին, չապրեցին»:

Աղասի Սիրեկանյանը ոչխարի հոտը պահում է գոմին կից փարախում: Նոր տարվա ձնառատ օրերին ոչխարներին դաշտ չի տարել: Գայլը մտել էր փարախ ու հոշոտել անասուններին: Աղասին զարմացած է, որ գիշատիչը ցերեկն է գյուղ մտել:

«Պատնեշի վրայից էր թռել, մի ոչխար քաշել էր, ընկել դարպասի ու ձողի արանքը, չէր կարողացել անցկացնել, տեղում կերել էր»:

Ասում է՝ շների հաչոցը լսել է, բայց մտքով չի անցել, որ ոչխարները վտանգված են:

Ոչխարաբուծությունը Աղասու ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ Հոշոտված ոչխարները հղի են եղել:

«100 գլուխ ոչխար ունեի, հիմա մնացել է 43 գլուխ, նրանցից 15-ն արդեն ծնել է: Նոր են սկսել ծնել»:

Գայլերի հասցրած վնասը որոշ չափով մեղմելու համար Բաղրամյանի ավագանու որոշմամբ ընտանիքին 300 հազար դրամ է հատկացվել:

«Ես հիմա, որտեղ, որ ապրում եմ, դա եղբորս տունն է, հորս տնից առանձնացել եմ: Ունեմ 3 անչափահաս երեխա, 5 հոգի ենք»:     

2025-ի նոյեմբերի վերջին նման դեպք էր տեղի ունեցել նաև Բաղրամյան համայնքի մեկ այլ՝ Արգինա գյուղում։ Այս անգամ գայլը հարձակվել էր գիշերով՝ կոտրելով գոմի պատուհանի ապակին:

Արգինայի վարչական ղեկավար Ռուստամ Արոյանն ասում է, որ գյուղում 2-3 տարին մեկ լինում են գայլերի հարձակումներ, բայց վնասը երբեք այսքան մեծ չի եղել։

«Այս անգամ վնասը շատ էր՝ մի 60 գլուխ ոչխար, որոնք պետք է ծնեին: Մայր ոչխարներ էին»:

Բաղրամյանի համայնքապետարանը 300 հազար դրամ էլ հատկացրել է Արգինա գյուղի բնակիչ Հարություն Ասատրյանին՝ ասում է Արգինայի վարչական ղեկավարը:

«Լավ ոչխարի գինը գառի հետ 100 հազար դրամ է: Ոչխարաբույծը մի գյուղացու հետ պայմանագիր էր կնքել, որպեսզի 3 ոչխար ու 3 գառ գնի, համայնքապետարանն էլ այդքանով օգնել է»:

Գյուղացիների խոսքով՝ ոչխարաբուծությունը շահավետ զբաղմունք է՝ ծախսը քիչ է, եկամուտը մեծ, նույնիսկ եթե երբեմն գլխաքանակի անկում է լինում։  Իսկ գայլերի հարձակումները չեն բացառվում նաև ամռանը  սարերում, բայց վնասն այդքան էլ մեծ չի լինում: Կովկասյան հովվաշներն են պաշտպանում հոտը:

Leave a Comment