Մասիսի քաղաքապետի եղբորը մեղսագրվող գործը կարված է. Գոռ Համբարձումյանը գործի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի. աղբյուրը մանրամասներ է հայտնել (ձայնագրություն)


Փետրվարի 11–ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, ձերբակալվել է: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը` մեկ ամիս ժամկետով: 


Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 

Վերոհիշյալ գործի հետ կապված, NEWSPRESS.am-ը  զրուցել է Ա. Ռոստոմյանի հետ, ով բացառում է Գոռ Համբարձումյանի մասնակցությունը տվյալ միջադեպին և վստահեցնում, որ հիշյալ գործով իրականում ներգրավված է այլ անձ՝ Հ.Խ-ն: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավի դիմաց ազատ արձակումը, իսկ Գոռ Համբարձումյանը, ով, ըստ մեր զրուցակցի, բոլորովին կապ չունի գործի հետ, կալանավորված է:

Ավելի վաղ փաստաբան Գայանե Պապոյանը, անդրադառնալով խնդրին, ասել էր, որ առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։

«Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է»,- ասել էր նա:

Մեզ հետ զրույցում Ա.Ռոստոմյանը, ըստ էության, հաստատեց փաստաբանի խոսքը՝ հայտնելով գործի հետ կապված մանրամասներ, որը ներկայացնում ենք ձայնագրությամբ:

Հավելենք միայն, որ Ա.Ռոստոմյանը մեզ է տրամադրել նաև իր ասածները հաստատող ձայնագրություններ, որոնք կհրապարակենք հարկ եղած դեպքում։

Leave a Comment