Աշխատանքային եռօրյա այցով Սյունիքում գտնվող տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզպետի ու այլ պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի ամենամեծ շինհրապարակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատված։ Այստեղ շուրջ 700 մարդ է աշխատում։ Ճանապարհի այս հատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թ․-ի տարեվերջին։ Շինարարական եռուզեռ է նաև նոր կառուցվող Մեղրի-Նռնաձոր ճանապարհահատվածում։
— Ճանապարհի մեծ մասը պատրաստ է արդեն ավազակոպիչի տեղադրմանը։
-Հիմա ճանապարհի էս հատվածից մինչև Նռանաձոր կարո՞ղ ենք հասնել։
-Հա։
-Եկեք փորձենք»։
Աշխատանքային այցով Սյունիք այցելած տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, պաշտոնյաներին ու լրագրողներին առաջարկում առաջինը երթևեկել Մեղրի-Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհով։ Ինչպես նախկինում, հիմա էլ նռնաձորցիները շարունակում են երթևեկել քանդված երկաթգծի ճանապարհով։ Նռնաձորի բնակիչ Ապրես Կարապետյանն ասում է՝ ամեն ամիս մոտ 80000 դրամ է ծախսում մեքենան նորոգելու համար։
«Մի 4 կմ-ով է ճանապարհը երկարում, բայց ոչինչ, եղանակ չի փոխում։ Արագ կհասնենք Մեղրի։ Հնով մի 40-50րոպե տևում է մինչև հասնում ենք Մեղրի, բայց հիմա սարը հելնում ես՝ իջնում ասֆալտ է։ Միրգը թթվում էր մինչև քաղաք հասցնում էինք՝ ջոկ-ջոկում էինք, եթե մի 50 կիլո տանում էինք, մի 15-ը հետ էինք բերում՝ թթվում էր, ճմրթվում»։
38 ընտանիք է ապրում Նռնաձորում։ Բնակիչների մի մասը գյուղամիջում էր, երբ պաշտոնյաները նոր ճանապարհով հասան գյուղ։ Շինարարարական աշխատանքների առաջին փուլի 90 տոկոսն արվել է, և ճանապարհը շահագործման կհանձնվի 2027 թվականի տարեսկզբին՝ ասում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Առաջին փուլի համար պետբյուջեից նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, որի կեսը հատկացվել է շինարարական կազմակերպությանը։ Կատարողականը ավելի շատ է, քան հատկացումը։ Մենք զուգահեռաբար ֆինանսավորում ենք շինարարին, որպեսզի աշխատանքները բնականոն ընթանան։ Ասֆալտապատման համար նախատեսված է 1 մլդ դրամ։ Մրցույթը կայացել է։ Կապալառու ընկերություն արդեն ունենք»։
Պաշտոնյաների հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարահի Քաջարան-Ագարակի հատվածի երկրորդ թունելն էր։ Փորման աշխատանքներն ավարտվել են, առաջիկա օրերին կսկսվեն հատակի խորացման, բետոնապատման աշխատանքները։ Թունելի երկարությունը 530 մետր է։ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհատվածի 2024-ից մեկնարկած շինարական աշխատանքների արժեքը շուրջ 210 մլն եվրո է։ Այն իրականացվում է Հայաստանի կառավարության և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027թ․-ի տարեվերջին։ Շինարարական աշխատանքների պատասխանատուն՝ «Թունել սադ արիանա» ընկերության նախագծի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջավադ Թորբաթն ասում է, որ նոր ճանապարհով Իրանի սահմանից Սիսիան հնարավոր կլինի հասնել մեկ ժամում։

«Հյուսիս-հարավի մի մասը կազմող այս ճանապարհը տարանցիկ ուղի է Ասիայից Եվրոպա ուղևորվող բեռնատարների համար։ Այն շատ կարևոր է Հայաստանի, Իրանի ու տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Բացի դրանից՝ ձմռանը գործող ճանապարհը շատ դժվարանցանելի է։ Նախագծի ավարտից հետո երթևեկությունը կլինի անվտանգ, ու տարվա ցանակացած եղնակին հնարավոր կլինի Իրանի սահմանից մեկ ժամում հասնել Սիսիան։ Ներմուծման ու արտահանման ծավալներն էլ զգալիորեն կաճեն»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համամիտ է գործընկերոջ հետ՝ ճանապարհը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար։
«Սա տնտեսական երակներից մեկն է, որը պիտի բացվեր։ Սյունիքի համար այն հատուկ նշանակություն ունի, որովհետև կրճատում է Երևան հասնելու ժամանակը և անվտանգ է։ Մյուս կողմից էլ ականատես ենք լինում աննախադեպ աշխատանքի ու ծրագրերի»։

Սա Հայաստանի ամենամեծ շինհրապարակն է․ մոտ 700 մարդ է աշխատում այստեղ՝ հիշեցնում է նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այս պահին շուրջ 45 տոկոս կատարողական ունենք, աշխատանքներն ընթանում են գրաֆիկին համապատասխան, ուշացումներ չունենք։ Ուրախ եմ արձանագրել, որ շինարարները ձմեռվա ամիսները կարողացել են օգտագործել թունելներում աշխատանքներ իրականացնելու համար»։
Ի դեպ, Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան ճանապարհատվածի ոչ միայն այս, այլև մյուս հատվածներում են աշխատանքներ իրականացվում։ Նախատեսվում է կառուցել 15 կամուրջ, որից 14-ում շինարարական եռուզեռ է։ Ամենարեկար կամուրջի երկարությունը 720 մետր է։