Իսրայելի հարձակման հետևանքով Իրանում 5 աշակերտուհի է զոհվել

Իսրայելի հարձակման հետևանքով Իրանում 5 աշակերտուհի է զոհվել

28 փետրվարի 2026 – 15:04 AMT

PanARMENIAN.NetԻրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Այսօրվա սիոնիստական ռեժիմի հարձակումների ընթացքում Մինաբ շրջանում թիրախավորվել է աղջիկների տարրական դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է 5 աշակերտուհի», -ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ սա իրանական կողմի զոհերի մասին առաջին տեղեկություններից է։

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ լիարժեք պատասխան են տալու ԱՄՆ-ի և Իսրայելի քայլերին։ Այս մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ հարվածները հասցվել են այն ժամանակահատվածում, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը գտնվում են դիվանագիտական շփումների փուլում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ հնարավոր սրման մասին տեղեկացված լինելով, շարունակել է բանակցությունները՝ նպատակ ունենալով ցուցադրել միջազգային լեգիտիմությանն իր հավատարմությունը և ռազմական ագրեսիան արդարացնող հիմնավորումների անհիմն լինելը, գրում է Sputnik Արմենիան:

«Իրանի ժողովուրդը արել է ամեն անհրաժեշտը պատերազմը կանխելու համար։ Այժմ եկել է հայրենիքը պաշտպանելու և ռազմական ագրեսիային դիմակայելու ժամանակը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվել է, որ ինչպես բանակցային գործընթացում, երկիրը «ավելի քան երբևէ պատրաստ է պաշտպանել ազգը», իսկ զինված ուժերը «կպատասխանեն ագրեսորներին ամբողջ ուժով»։

Իրանական կողմն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները գնահատել է որպես ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում և զինված ագրեսիայի ակտ։ Այդ համատեքստում Թեհրանը հղում է կատարել ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածին, որը նախատեսում է պետության ինքնապաշտպանության իրավունքը։

Իրանը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ հետագա սրումը կանխելու նպատակով։ Բացի այդ, Թեհրանը դիմել է տարածաշրջանի պետություններին, իսլամական երկրներին և «Չմիավորման շարժման» անդամներին՝ տեղի ունեցածը դատապարտելու և համատեղ քայլեր ձեռնարկելու կոչով՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում գտնվող թիրախներին։ Հաղորդվել է ռազմական և վարչական օբյեկտների հարևանությամբ պայթյունների մասին։ Վաշինգտոնում և Թել Ավիվում հայտարարել են Իրանի գործող ղեկավարության փոփոխությանը հասնելու մտադրության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է լայնածավալ գործողության մեկնարկի մասին և հայտարարել Իրանի հրթիռային ծրագիրը, ռազմածովային ուժերը վերացնելու, ինչպես նաև Թեհրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելու մտադրության մասին։

Leave a Comment