Պակիստանի և Աֆղանստանի թալիբների միջև մարտերը շարունակվում են։ Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել հակամարտության վերաբերյալ և կոչ արել շտապ բանակցություններ սկսել։
Իսլամաբադը մեղադրում է թալիբներին «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» (TTP) զինյալներին ապաստան տալու մեջ, որոնք, ըստ Իսլամաբադի, ահաբեկչական գործունեություն են ծավալում Պակիստանի ներսում, մեղադրանք, որը թալիբները հերքում են։
Պակիստանը իր գործողությունները որակում է որպես սահմանային հարձակումների պատասխան, Քաբուլը դրանք դատապարտում է՝ ասելով, որ բաց է երկխոսության համար, նաև զգուշացնում, որ հակամարտության խորացումը կհանգեցնի լուրջ հետևանքների։
Դիվանագիտական ջանքերն ակտիվացել են ուրբաթ երեկոյան, երբ Աֆղանստանը հայտարարեց, որ իր արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ՝ լարվածությունը նվազեցնելու և դիվանագիտական ուղիները բաց պահելու վերաբերյալ։
Եվրամիությունը կոչ է արել երկու կողմերին թուլացնել լարվածությունը և երկխոսություն սկսել: Ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչով հանդես է եկել ՄԱԿ-ը։
Չինաստանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է և պատրաստ է օգնել մեղմելու լարվածությունը։
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանին, քանի որ կարծում է՝ Իսլամաբադը թալիբների հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի՝ ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, ասել է, որ Վաշինգտոնը Պակիստանին չի համարում ագրեսոր, Իսլամաբադը ստիպված է լուծել իր անվտանգության մարտահրավերները, հավելելով, որ Վաշինգտոնը հույս ունի, որ իրավիճակը ավելի չի սրվի։
Գիշերը սահմանի երկայնքով շարունակվել են փոխհրաձգությունները։
Պակիստանի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ «Ղազաբ Լիլ Հաք» գործողությունը շարունակվում է, և որ պակիստանյան ուժերը մի քանի հատվածներում ոչնչացրել են թալիբների բազմաթիվ դիրքեր և ճամբարներ։ Երկու կողմերն էլ հայտնել են ծանր կորուստների։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆն ասել է, որ «համբերության բաժակը լցվել է»՝ զգուշացնելով, որ Պակիստանը կարձագանքի հետագա հարձակումներին։