Ես ոչինչ չեմ տեսել և ոչ մի սխալ բան չեմ արել․ Քլինթոնը հերքել է Էփշտեյնի հետ կապված որևէ իրավախախտում կամ անօրինական գործողություն

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի լսումների ժամանակ կտրականապես հերքել է Ջեֆրի Էփշտեյնի հանցագործությունների հետ իր կապը։

Իր ելույթում նա ընդգծել է, որ ֆինանսիստի հետ իր շփումները դադարել են շատ վաղուց։ «Ես ոչինչ չեմ տեսել և ոչ մի սխալ բան չեմ արել։ Որպես մարդ, որ գիտի, թե ինչ է ընտանեկան բռնությունը, քանի որ մեծացել է այդպիսի ընտանիքում, ոչ միայն չէի թռչի նրա ինքնաթիռով, եթե գոնե մի փոքր պատկերացում ունենայի, թե ինչ է նա անում, այլև ինքս կհանձնեի նրան իշխանություններին», — հայտարարել է Քլինթոնը։

Նախկին նախագահը նաև ասել է, որ անարդար է իր կնոջից՝ Հիլարի Քլինթոնից ցուցմունք պահանջելը՝ ընդգծելով, որ նա երբեք չի այցելել Էպշտեյնի կղզի։

Հինգշաբթի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նմանատիպ ցուցմունք էր տվել։ Իր գրավոր ցուցմունքում, որը սովորաբար կարդացվում է լսումների սկզբում և որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում, Քլինթոնը նշել է, որ տեղյակ չի եղել Էփշտեյնի մանկապիղծ հանցագործությունների մասին և չի այցելել նրա կղզի։

CNN-ը նախկինում հաղորդել էր, որ ապացույցներ կան Բիլ Քլինթոնի և Ջեֆրի Էփշտեյնի փոխգործակցության սերտ բնույթի մասին։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2001-2004 թթ. Քլինթոնը աշխատակազմի հետ առնվազն 16 անգամ ճանապարհորդել է Էփշտեյնի ինքնաթիռով։

Ավելին, Արդարադատության նախարարության հրապարակած Էփշտեյնի գործի նյութերում կան լուսանկարներ, որտեղ նախկին նախագահը կանանց հետ ջակուզիում է։

Leave a Comment