Խոհարարությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև արվեստ և ստեղծարարություն։ Երեմյան ընկերությունների խումբը, կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում, 2006 թվականից աշխարհին է ներկայացնում հայկական ազգային խոհանոցն իր ամբողջ հարստությամբ, ինչպես նաև եվրոպական, իտալական, միջերկրական, կովկասյան, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներ, արագ սննդի ցանց, սթեյքհաուզ։
Խոհարարները՝ ստեղծագործ, տաղանդավոր և պրոֆեսիոնալ, ընկերությունների խմբի գործունեության առանցքային դեմքերն են։ Նրանք 2 օր շարունակ Երեմյան ընկերությունների խմբի ներցանցային խոհարարական առաջին մրցույթում բացահայտեցին իրենց ուժերն ու մտքի թռիչքը լավագույնի տիտղոսին արժանանալու համար։
«Այստեղ թիմերը մասնակցում են ոչ միայն մրցելու համար, այլև ևս մեկ անգամ ապացուցելու, որ սերը, միասնականությունը և թիմային աշխատանքը կարող են հրաշքներ ստեղծել։ Իրականում խոհանոցը պարզապես վայր չէ, որտեղ կերակուր է ստեղծվում, այն մի արվեստանոց է, որտեղ համերը և բույրերը միավորվելով հետաքրքիր պատմություններ են ստեղծում։ Այս մրցույթի շրջանակներում մենք ականատես եղանք բազմաթիվ հետաքրքիր և համեղ պատմությունների, իսկ մրցույթը հնարավորություն ընձեռեց մեր ցանցի խոհարարներին ևս մեկ անգամ ցույց տալու իրենց գիտելիքները, հմտությունները և ամենակարևորը իրենց սրտի ջերմությունը»,- նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման և կորպորատիվ մշակույթի տնօրեն Տաթև Այրումյանը։
Մրցութային երկու օրերն անցկացվեցին Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում, որտեղ մրցեցին Ռենոմե, Լիվինգսթոն, Սիզընս, Կազա Նոստրա, Սմոքինգ Շեֆ, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երևան Գետափին ռեստորանները, Պանդոկ Երևան Ամիրյան, Տերյան, Խորենացի, Պարոնյան մասնաճյուղերը։ Յուրաքանչյուր ռեստորանի խոհարարական թիմ՝ շեֆ խոհարարների մենթորությամբ, հեղինակել էին 2-ական նոր ուտեստներ՝ ոգեշնչված խոհարարական նոր մոտեցումներից, բնությունից, մարդկային էմոցիաներից և իրենց իսկ աշխատանքից։
«Մրցույթի նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, ստեղծել նոր ուտեստներ, նոր համեր, նոր պատմություններ, մոտիվացնել և ձևավորել մի միջավայր, որտեղ կարող է փորձի փոխանակում իրականացվել»,- ընդգծեց Երեմյան ընկերությունների խմբի բրենդ շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանը։
Ժյուրիի կազմում էին Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, բրենդ շեֆ Զորո Իսպիրյանը, ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ։ Ժյուրին գնահատումն իրականացրեց ըստ մի շարք չափորոշիչների՝ թիմերի ստեղծարարությունը, նորարարությունը, ներկայացումը, մատուցումը, համը և այլ գործոններ։
Վերջնարդյունքում ամենաբարձր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցի թիմը, որը ներկայացրեց եզակի համադրությամբ և ստեղծարարությամբ երկու ուտեստ՝ լոր սոխի դեմիգլասով, նեխուրի էսպումայով, լցոնած բլղուրով և հավի լյարդով և նրբաբլիթ պանրի ռուլետով, լոլիկի կոնկասեյով և ձիթապտղի տապենդայով։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կազա Նոստրա իտալական ռեստորանը՝ ներկայացնելով բադով և բազուկով աղցան և լցոնված քյուֆթա հաճարի ռիզոտտոյով։
Երրորդ տեղում Շերեփն էր՝ իր թունա միքս աղցանով և բադի կրծքամիս կարամելիզացված տանձով ուտեստով։
Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հատուկ մրցանակը ստացավ Սիզընս ռեստորանի խոհարարական թիմը, բրենդ շեֆի մրցանակը՝ Սմոքինգ Շեֆը, գործընկերների համակրանքը՝ Պանդոկ Երևան Տերյանը, լավագույն հայկական ուտեստը՝ Պանդոկ Երևան Ամիրյան մասնաճյուղը։
Մրցույթի ավարտին ևս մեկ անգամ կարևորվեցին խոհարարական արվեստում ստեղծարարությունը և նորարար մոտեցումները, թիմային աշխատանքն ու ոգեշնչումը։ Մրցույթին ներկայացված լավագույն ուտեստները կհամալրեն Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների ճաշացանկերը՝ զարմացնելով և հիացնելով նաև հյուրերին։