Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Գերմանիայի ղեկավարի խոսնակ Սեբաստիան Հիլլեն։
Ավելի վաղ Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր ԱՄՆ այցի մասին, որտեղ նա կներկայացնի սակագների վերաբերյալ համակարգված եվրոպական դիրքորոշումը։
«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին կայցելի ԱՄՆ։ Առավոտյան կանցլեր Մերցը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Օվալաձև աշխատասենյակում բանակցություններ վարելու համար։ Դրան կհաջորդի համատեղ ճաշ։ Քննարկումը կներառի երկկողմ, տնտեսական և անվտանգության հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Հիլլեն։
Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ կառավարությունից պարզություն է ակնկալում առևտրային հարաբերությունների հետագա քայլերի վերաբերյալ։
«Սա չափազանց կարևոր է և՛ մեզ համար, և՛ ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, միասնական դիրքորոշումը կարևոր է Եվրամիության համար», – ասել է Հիլլեն։