Պետությանը պատճառված վնասի հատուցում․ դատարանը բավարարել է հայցը

2024 թվականի փետրվարի 7-ին ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից ՀՀ Հակակոռուպցիոն դատարան գործ է հարուցվել պետությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջով: Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Ներկայացվող հայցապահանջի բովանդակությունը․ Պատասխանողից 127400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին

Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը

Լոռու կայազորի զինվորական դատախազությունը դատարան էր ներկայացրել հայց՝ Հ. Խ.-ից պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով։ Սակայն, դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ձևական պահանջներին։ Մասնավորապես, հայցադիմումում պատասխանողի անունը նշվել է ոչ պատշաճ ձևով՝ ներառելով նրա՝ քրեական գործով մեղադրյալ լինելու հանգամանքը, փոխարենը պետք է նշվեին անունը, ազգանունը և հայրանունը։ Բացի այդ, հստակ չի նշվել պատասխանողի հաշվառման կամ բնակության հասցեի կարգավիճակը։

Դատարանը նաև նշել է, որ հայցադիմումում ամբողջական և տարանջատված ձևով չի ներկայացվել կից փաստաթղթերի և ապացույցների ցանկը։ Միաժամանակ, չնայած ներկայացվել էր հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, հայցադիմումին չեն կցվել գործին մասնակցող անձանց թվին համապատասխան պատճեններ։

Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացրել է, որ հայցադիմումը չի բավարարում օրենսգրքի պահանջներին և այն ենթակա է վերադարձման։

Փետրվարի 16-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ և 362-րդ հոդվածներով Հայցադիմումը վերադարձվել է։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում Դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը Դատարանում ընդունված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը:

Կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը

Փետրվարի 27-ին կրկին ներկայացվել է  հայցադիմում, գործը հանձնվել է գրասենյակ և նույն օրը մակագրվել դատավոր Ռուդոլֆ Ավագյանին։

07.03.2024-ին գործը վարույթ ընդունելու և առանց դատական նիստ հրավիրելու, գործը պարզեցված վարույթով քննելու որոշում է կայացվել: Վճիռը հրապարակվել է 2024թ. հունիսի 04-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

Որոշումը

Դատարանը բավարարել է հայցը և որոշել Հ. Խ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 127,400 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 2,548 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից 15 օր հետո։

Leave a Comment