Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական սեփականության որոնման ծառայության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն ընձեռող ծառայության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքումը կնպաստի անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության հանրամատչելիության ապահովմանը, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդմանը: Համաձայնագիրը, մասնավորապես, սահմանում է՝ որոնման ծառայության ստեղծումն ու գործունեության ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

Հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների վերահսկման շրջանակներում ընդունվող որոշումները, ինչպես նաև այդ վերահսկման շրջանակներում հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) Եվրասիական տնտեսական միության դատարանում բողոքարկելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձի համար՝ որոշակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության դատարան բողոքարկելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը: Մասնավորապես, նախատեսվում է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, մրցակցության ոլորտում հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) վիճարկելու մասին դիմումով կարող է դատարան դիմել այն ֆիզիկական անձը (այդ թվում՝ պաշտոնատար անձը), որի վերաբերյալ կայացվել է նման որոշում կամ որի իրավունքները և օրինական շահերը ուղղակիորեն շոշափվել են նման գործողությամբ (անգործությամբ)։ Նախագծով առաջարկվում է նաև այս ինստիտուտի ներդրումից բխող այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների իրականացում:

Կառավարությունը հավանություն է տվել 2026թ. փետրվարի 17-ին ստորագրված «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Եվրասիական զարգացման բանկի միջոցներից Ֆինանսների նախարարության համար պետական-մասնավոր գործընկերության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրով նախատեսվում է իրականացնել նախարարության և ներգրավված պետական մարմինների կարողությունների զարգացման համալիր ծրագիր, որն ուղղված է պետական և մասնավոր հատվածների գործընկերության ոլորտի (ՊՄԳ) կառավարման համակարգի ամրապնդմանը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՊՄԳ ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունները, ապահովել կառավարման համակարգի արդյունավետությունը և բարձրացնել աշխատակիցների մասնագիտական հմտությունները՝ համահունչ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին:

Leave a Comment