Հակակոռոպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմնադրամին առնչվող քրեական վարույթ չկա, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյանի անունից տարածված տեղեկությանը։
Հարությունյանի անունից ԶԼՄ-ներին՝ այդ թվում Armenia Today-ին նամակ է եկել, որտեղ Հարությունյանը հայտարարել է «դրամական միջոցների հափշտակման մասին»։ Նամակում նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին տիկնոջ՝ «Աննա Հակոբյանի կողմից 4 մլն դոլար նվիրատվություն դուրս բերելու մասին»։
Փետրվարի 27-ին Հակոբյանը հայտնել էր, որ բաժանվում է Փաշինյանից։ Հակոբյանը հայտարարել էր, որ նախընտրական գործընթացի պայմաններում վստահ չէ՝ կպահպանի՞ արդյոք «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը՝ մատնանշելով հնարավոր իրավական ռիսկերը: Հակոբյանը նշել էր, որ կցանկանար շարունակել գործունեությունը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում, քանի որ դա վարձու աշխատանք է, որի կարիքն ինքն ունի, սակայն կարծում է, որ միայն իր ցանկությունը հնարավոր է՝ բավարար չլինի:
«Դատելով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ քրեական պատասխանատվության ենթարկվեմ՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- ընդգծել էր նա։
Հիմնադրամը հայտարարել էր անգլերենի ուսուցման անվճար դասընթացների մասին։ Լրագրողները փետրվարի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվել էին՝ նախընտրական փուլում, երբ կա բարեգործության արգելք և այն քրեորեն պատժելի է, այդ հայտարարությամբ հիմնադրամը չի՞ խախտում օրենքը։
Նահապետյանը նշել էր, որ անվճար դասընթացների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում չունեն։
«Եթե ձեր ասած դեպքով ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում, և հանրությունը պատշաճ կիրազեկվի»,- հավելել էր Նահապետյանը։
Կարդացեք նաև՝
«Իմ քայլը» հիմնադրամն արձագանքել է անանուն նվիրատուների մասին հրապարակմանը
«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ֆինանսական կորուստներ ունենալու մասին մամուլի հրապարակումները
