Մարդու իրավունքների միջազգային պաշտպանները կոչ են արել Թրամփի վարչակազմին զգուշացնել Հայաստանի կառավարությանը չգնալ ավտորիտարիզմի ճանապարհով՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշման աճի ֆոնին․ գրում է The Catholic World Report-ը։
«Իրականությունն այն է, որ Կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակվում է ավելի քան մեկ տարի», – նշել է արգենտինացի իրավաբան և քաղաքական գործիչ Ալբերտո Ֆերնանդեսը փետրվարի 26-ին Կապիտոլիումի բլրի վրա Ազգային պաշտպանության դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ։
Նա Ամենայն հայոց կաթողիկոսին Ավստրիա մեկնելու արգելքը որակել է որպես «ինչ-որ բան, որը պետք է մեր շատ ավելի մեծ ուշադրությանն արժանանա»։ Ֆերնանդեսը կոչ է արել Փաշինյանի կառավարությանը դադարեցնել Առաքելական եկեղեցու դեմ իր արշավը՝ ընդգծելով. «Նրանք չեն կարող ասել, որ ուզում են լինել լիբերալ Արևմուտքի մաս, ուզում են լինել ամերիկամետ և միաժամանակ ընդօրինակել Էրդողանի կամ Ասադի ռեժիմի, կամ ցանկացած բռնապետի չափանիշները»։
Ֆերնանդեսը զգուշացրել է, որ Փաշինյանի նման մոտեցումն Առաքելական եկեղեցու նկատմամբ «վտանգ է ռեժիմի և կառավարության համար»։ «Եկեղեցուն կամ կրոնական մարմիններին տրված ազատության և խոսքի ու խղճի այլ ազատությունների միջև կա հստակ, ուղղակի կապ։ Ես չգիտեմ որևէ իրավիճակ, երբ ռեժիմը հետապնդում է կրոնական մարմիններին, ապա շրջվում և բաց ընդունում է աշխարհիկ քննադատությունը, քաղաքական քննադատությունը»,- ասել է նա։
«Ռեժիմները, որոնք չեն ցանկանում լսել քննադատություն կրոնական իշխանություններից, հակված են նաև չլսել քննադատություն լրատվամիջոցներից կամ աշխարհիկ քննադատներից»,- հավելել է Ֆերնանդեսը։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները կոչ է արել Թրամփի վարչակազմին «ցույց տալ ուժ և համոզմունք՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցին այս հետապնդումից, այդպիսով՝ ամրապնդելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի գոյատևումը»։ Նա նշել է, որ Հայաստանը գտնվում է «շատ խոցելի իրավիճակում»։
Էյբների խոսքով՝ ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանը ներկայանում է որպես «խաղաղության մարդ» և հայտարարում․ «Եթե դուք ինձ հետ չլինեք, պատերազմի կբախվեք»։ Սա, ըստ նրա, մասամբ պայմանավորված է Փաշինյանի ներգրավվածությամբ Թրամփի կողմից աջակցվող խաղաղության ծրագրում։
Էյբները հավելել է, որ Փաշինյանը շատ վստահ է զգում, քանի որ նրա վերընտրությունը հաստատվել է հենց Վենսի կողմից, ինչը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները նրա կողքին է։
«Եվրամիությունը գումար է ծախսում նրա վերընտրությանն աջակցելու համար՝ ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ, բայց դա, իհարկե, նրա քարոզարշավին աջակցելու համար է», – նշել է նա՝ հավելելով, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը «սպառնում են պատերազմով» և «Փաշինյանին տեսնում են որպես իրենց մարդ»։
«Նա իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ այլընտրանք կամ միակ հնարավորություն, և սա նկատելի է նաև հայ հանրության մոտ։ Մի կողմից՝ նրանք ցանկանում են պահպանել իրենց ազգային ավանդույթները, իրենց եկեղեցին, իրենց սահմանները, իրենց ինքնավարությունը։ Բայց նրանց սպառնում են պատերազմով», – նշել է Էյբները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի համար իրական հարցն այն է, թե կա՞ն արդյոք երաշխիքներ, որոնք կարող են տրամադրվել՝ ապահովելու համար, որ ժամանակին ստորագրված ցանկացած փաստաթուղթ իրականում կպահպանվի։