Դիտում եմ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը, թե իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է և հեռանում է կառավարական առանձնատանից ու ապրելու է վարձով բնակարանում, չի ունենալու պետական պահպանություն:
Ուզում եմ անդրադառնալ հենց այս դրվագին: Եթե այս պատմությունն ընդհանրապես նախընտրական ինչ որ տեխնոլոգիա չէ, ապա կարծում եմ սխալ է, եթե Աննա Հակոբյանը լինելու է այսպես ասած պետական պահպանությունից դուրս: Անկախ նրա հանդեպ որեւէ մեկի վերաբերմունքից, սա մասնավոր հարց չէ, անձնական վերաբերմունքի հարց չէ:
Հակոբյանը եղել է մարդ, որը իր թե՛ անձնական, թե՛ նաև դե ֆակտո պետական կարգավիճակի բերումով կարող է տիրապետել շատ կոնֆիդենցիալ տեղեկատվության: Հետեւաբար, եթե նա զուրկ է պետական պահպանության ուշադրությունից, առաջանում է հնարավոր այդ ինֆորմացիայի հանգամանքի ամենատարբեր «ճակատագրերի» հարց:
Կրկնեմ, եթե այս ամենը լոկ նախընտրական տեխնոլոգիա չէ եւ գործնականում լինելու է դե ֆակտո պահպանություն, որի քողարկումն իհարկե հատուկ ծառայությունների համար բոլորովին բարդ բան չէ:
Այս հարցն ունի իհարկե մեկ այլ «երես», որն ըստ իս եւս շատ կարեւոր է: Աննա Հակոբյանն ասում է, թե՝ ինձ մի վիրավորեք, եթե տեսնեք փողոցում մենակ քայլելիս: Հանրությունը շատ բազմազան երևույթ է, շատ բազմաշերտ: Հետեւաբար երբեք հնարավոր չէ «կռահել», թե ինչ կարող է լինել փողոցում: Եվ այդ թվում՝ ինչպիսի սադրանք կարող է պատրաստվել, որի նպատակը կլինի ասենք Աննա Հակոբյանին «զոհի կերպարում» ներկայացնելը: Խոսքը իհարկե բառի բուն իմաստով չէ, այլ՝ վիրավորանքի «զոհի», կամ ինչ որ տհաճ միջադեպի, որը հետո կբարդվի ասենք որեւէ ընդդիմադիր ուժի վրա: Կարո՞ղ են լինել այդպիսի սցենարներ:
Միանգամայն կարող են: Իսկ քաղաքականության մեջ այդ ո՞ր սցենարն է, որ կարող ենք համարել անհնար, առավել ևս այդ ամենի պարագայում, որ մենք ենք տեսել որպես հանրություն, ինչպես նաեւ լսել միջազգային մասշտաբի մասին:
Հետեւաբար, իմ սուբյեկտիվ կարծիքով, Աննա Հակոբյանը պետք է լինի պահպանության ներքո: Մնացյալը, անձնական կյանքի հարցերը, ես իհարկե բոլորովին չեմ պատրաստվում դիտարկել կամ քննարկել:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան