The Guardian-ը հայտնում է, որ Բրիտանիայում սոցցանցերը կարող են արգելել մինչև 16 տարեկանների համար։ Քննարկումները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։ Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները կուսումնասիրեն մի քանի տարբերակ՝ սկսած տարիքային սահմանափակումների ներդրումից մինչև առանձին գործառույթների, օրինակ՝ անվերջ ժապավենի պտտման (infinite scroll) արգելումը։ Չի բացառվում նաև սոցիալական ցանցերի լիակատար արգելքը անչափահասների համար։
Կառավարությունում նշում են, որ ծնողները հաճախ են մտահոգություն հայտնում երեխաների վրա հարթակների ազդեցության վերաբերյալ։ «Մենք վճռական ենք շտկել դա», – նշել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը։ Աղբյուրների համաձայն՝ վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրապարակայնորեն աջակցել նախաձեռնությանը։
Նման քննարկումներ ընթանում են նաև Եվրոպայի այլ երկրներում։ Գերմանիայում առաջարկվում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 14 տարեկան երեխաների համար, իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ևս ավելի վաղ հանդես էր եկել տարիքային սահմանափակումների օգտին։
