Առանց վարորդական իրավունքի մեքենա վարած անձը տուգանվել է 375.000 դրամով

Փետրվարի 12-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնհինգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:  Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Կարինե Դավթյանին։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Վ. Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 14։40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի տարածքում՝ Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց, ինչը հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակցի կողմից և դրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Սահմանվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք։

Փետրվարի 13-ին վարույթը ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին կայացվել է դատավարություն։

Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464․6-464․9-րդ հոդվածների իրավակարգավորումների հաշվառմամբ ուսումնասիրելով ստացված գործը հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, գտել է, որ պետք է ստանձնել վարույթը և հարուցել համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ այն իրականացնելով գրավոր ընթացակարգով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դավարության օրենսգրքի 33-34-րդ, 264-րդ, 310-րդ, 464․6-464․9-րդ հոդվածներով, դատարանը որոշեց ստանձնել քրեական գործով վարույթը և հարուցել համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ։ Դատական վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ դատավճռի կայացման օր սահմանելով 2026 թվականի փետրվարի 24-ը: Վարույթի մասնակիցները իրենց միջնորդությունները կարող են ներկայացնել Դատարան՝ սույն որոշումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում, սակայն, ոչ ուշ քան 2026 թվականի փետրվարի 23-ը ներառյալ:

Կիրառված խափանման միջոցները և գործի հետագա ընթացքը

Փետրվարի 24-ին կայացել է դատավճիռ, ըստ որի դատարանը վճռեց Վ. Ծ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով:

Մեղադրյալին թույլատրվել է 375.000 ՀՀ դրամի չափով որպես պատիժ նշանակված տուգանքը վճարել մաս առ մաս՝ 1 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով նվազագույնը 31.250 դրամ՝ ըստ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից սահմանված տուգանքի վճարման ժամանակացույցի:

Վ. Ծ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է: Դատավճիռը՝ բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ այն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

Leave a Comment