ԱՄՆ պատվիրակությունը Ժնեւում նույն կազմով, ինչպես Իրանի դեպքում, մասնակցել է նաեւ Ուկրաինայի հարցով բանակցություններին

Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները։ Ուկրաինայի հարցով բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը կազմված էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից եւ Ջարեդ Քուշներից։ Սրան զուգահեռ` նրանք իրանական պատվիրակության հետ քննարկում էին իրանական միջուկային ծրագիրը։

Բանակցություններին Կիեւը ներկայացնում էին Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլեւը եւ Գերագույն ռադայի «Սլուգա նարոդա» նախագահական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան։

Ռուսական լրատվական գործակալությունների տվյալներով՝ Ժնեւում տեղի է ունեցել նաեւ Ուիթքոֆի եւ Քուշների հանդիպումը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ։

Ումերովը նշել է, որ բանակցություններն անցկացվել են երկու ձեւաչափով․ առանձին հանդիպել են Ուկրաինայի եւ ԱՄՆ պատվիրակությունները, ինչպես նաեւ տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նրա խոսքով՝ Ժնեւի խորհրդակցությունների ընթացքում կողմերն աշխատել են նաեւ Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ փաստաթղթի վրա եւ պայմանավորվել շարունակել այդ աշխատանքը։

Հանդիպումներից հետո ուկրաինական պատվիրակությունը, ինչպես նաեւ Ուիթքոֆն ու Քուշները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ որեւէ վերջնաժամկետ, որի ընթացքում Թրամփի վարչակազմը կցանկանար ավարտել պատերազմը։

«Ես չեմ լսել, որ մեր ամերիկացի գործընկերները պատերազմի ավարտի համար որեւէ կոնկրետ ժամկետ սահմանած լինեն։ Ներկայիս բանակցությունները շատ բարդ եւ բազմաշերտ գործընթաց են, եւ անհնար է դրա ավարտի համար հստակ վերջնաժամկետ սահմանել։ Իհարկե, մենք անում ենք հնարավորինս՝ դրանք ավարտին հասցնելու համար»,- լիբանանյան Al-Modon թերթին ասել է նա։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Թրամփը կցանկանար մինչեւ ամառ ավարտել պատերազմը։ Նրանք ենթադրվում էին, որ դա կապված է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի` մասնավորապես նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ։

Երեկոյան Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ բանակցությունները կարող է անցկացվեն մարտի սկզբին` Աբու Դաբիում։

Leave a Comment