Իտալական Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին։
Սպասվում է, որ միլանյան ակումբը հայ վետերան ֆուտբոլիստին նոր պայմանագիր չի առաջարկի։ Սակայն Մխիթարյանը միակը չէ. առաջիկա ամռանը թիմի ճամբարում սպասվում է հիմնական կազմի բարձրակարգ ֆուտբոլիստների իսկական «արտագաղթ»։
Մխիթարյանից բացի, կենտրոնական գծի ևս մի քանի ֆուտբոլիստներ կարող են խզել կապերն ակումբի հետ։ Մասնավորապես, Էնդի Դիուֆը և Դավիդե Ֆրատեզին ավելի մոտ են հեռանալուն, քան մնալուն։ Մեծ հարցականի տակ է նաև Նիկոլո Բարելայի ապագան։
Ըստ Gazzetta dello Sport-ի ակումբի ղեկավարությունն արդեն որոշել է չերկարաձգել Ֆրանչեսկո Աչերբիի, Մատեո Դարմիանի և Ստեֆան դե Վրեյի պայմանագրերը։ Պաշտպանությունից կարող է հեռանալ նաև Դենզել Դումֆրիսը, ում նկատմամբ դեռ հունվարին լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում անգլիական «Լիվերպուլը»։
Փոփոխություններ կլինեն նաև դարպասային գծում. Յան Սոմերի կարիերան Ա Սերիայում մոտենում է ավարտին, իսկ «Ինտերն» արդեն գտել է երազանքի թեկնածուին՝ ի դեմս «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարի։
Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա Մարկուս Թյուրամը նույնպես կարող է հավաքել ճամպրուկները։ Պատճառն այն է, որ Կրիստիան Կիվուն «Ինտերի» մեծահասակների թիմում հնարավորություն է տվել պատանի Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյին, ով իր փայլուն խաղով շատ արագ ստվերում է թողել ֆրանսիացի հարձակվողին։