Աղմկահարույց կողոպուտից հետո Լուվրի թանգարանի նոր տնօրեն է նշանակվել

Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն


ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոն չորեքշաբթի նշանակվել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի նոր տնօրեն՝ «փրկելու» աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը զարդերի աղմկահարույց կողոպուտից, գրում է Reuters-ը։


Նա կփոխարինի Լորանս դե Կարին, որը հրաժարական էր տվել երեքշաբթի, հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Մո Բրեժոնը։


Դե Կարը ենթարկվել էր խիստ քննադատության այն բանից հետո, երբ հոկտեմբերին գողերը հափշտակել էին մոտ 102 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, որոնք մինչ օրս չեն գտնվել, ինչը բացահայտել էր թանգարանի անվտանգության համակարգի լուրջ բացթողումները։


«Լերիբոյի գլխավոր առաջնահերթությունը կլինի շենքի, հավաքածուների և աշխատակիցների անվտանգության պահպանումը, վստահության մթնոլորտի վերականգնումը և բոլոր թիմերի հետ համատեղ թանգարանի անհրաժեշտ ձևափոխումների իրականացումը»,- ասված է Մշակույթի նախարարության հայտարարության մեջ՝ նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով Քրիստոֆ Լերիբոյի նշանակման վերաբերյալ։


Լերիբոն 18-րդ դարի արվեստի պատմաբան է, ով նախկինում ղեկավարել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանները։ 2006- 2012 թթ.-երին նա եղել է Լուվրի գրաֆիկական արվեստի բաժնի փոխտնօրենը։


Նշենք, որ Լուվրի տնօրեն երեքշաբթի Լորանս դե Կարը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, որն ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։


Լորանս դե Կարին թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին։ Մինչ այդ նա եղել է Օրսե թանգարանի տնօրենը։ Դե Կարը դարձավ պատմության մեջ առաջին կինը, ով նախագահել է Լուվրը։

Leave a Comment