Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի «Խոսքի, մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագիրը։ Դրան նվիրված համաժողովի մասնակիցներն այսօր խոսել են Հայաստանում խոսքի ազատության ու ատելության խոսքի տարածման դեպքերի մասին։ Նրանք արձանագրել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ այդ երևույթներն ավելի ակնհայտ են դառնում, ուստի դրանց դեմ պայքարի միջոցների անհրաժեշտություն կա։
Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը առաջընթաց է գրանցել մեդիա միջավայրի և օրենսդրական դաշտի բարելավման հարցում, 2022 թվականին վավերացրել է «Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»։

Սակայն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարծում է, որ ապատեղեկատվության տարածման հարցում մարտահրավերներ դեռ կան ։ Նա գտնում է, որ «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովը ճիշտ պահին է իրականացվում, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են և այս նախաձեռնությունը պետք է նպաստի օտարերկրյա տեղեկատվական մեքենայություններն ու միջամտությունները կանխելուն։
«Մենք կենտրոնանում ենք ընտրություններին լրատվամիջոցների պատասխանատու և պրոֆեսիոնալ լուսաբանման կարողությունների զարգացման վրա։
Առջևում ընտրություններ են և կլինեն նաև միջամտություններ ու մանիպուլյացիաներ՝ հիբրիդային պատերազմի շրջանակներում։ Արդարացի կլինի ասել, որ այս տեսակի մարտահրավերները նոր չեն Հայաստանի համար, և երկիրը փորձ ունի նմանատիպ մարտահրավերներին դիմակայելու հարցում և ժամանակի ընթացքում զարգացրել է որոշակի դիմակայունություն»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, չնայած բարեփոխումներին, դեռ անելիքներ կան խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության ապահովման հարցում․
«Անշուշտ, այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, երբ ականատես ենք միջազգային անվտանգային ճարտարապետության վերաբաշխման մարտահրավերներին, միջազգային իրավունքի խաթարման և բազմակողմ համակարգի քայքայմանն ուղղված քայլերին, ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի կոմպլեքսային, բարդ և բազմաշերտ գործիքակազմով։ Հիբրիդային միջամտությունները մեր ժամանակաշրջանի քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից են, դրանց հիմքում տեղեկատվության՝ որպես միջամտության զենք օգտագործումն է, հանրային ընկալումների ձևավորումը, հոգեբանական ճնշումը, արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներում օգտագործելու միտումներն են»։
Տեղեկատվական դաշտի հուսալիությունը կարևոր գործոն է առկա մարտահրավերներին դիմակայելու և վտանգավոր օրակարգերից, հասարակության պառակտումներից խուսափելու և ամուր ու առողջ քաղաքական դաշտ ունենալու համար, կարծում է Ռուբինյանը։ Նա ամեն դեպքում շեշտում է մամուլի թերացումները, որոնք նրա կարծիքով, չափից շատ են․
«Մենք դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար և ես կարծում եմ, որ մամուլը շատ անելիքներ ունի իր թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են և որակը շտկելու համար»։
Ի տարբերություն ԱԺ փոխնախագահի, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների վարկաբեկման դրսևորումների մասին խոսեց․
«Բավականին տարածված է նաև վարկաբեկումը լրագրողական համայնքի, և նման հռետորաբանություն մենք լսում ենք, մասնավորապես, պաշտոնյանիերից և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից»։
Ընտրությունների ժամանակ զգալի ավելանում է ատելության խոսքը, որի դեմ պայքարի միջոցների անհրաժեշտություն կա, ասում է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը․

«Բոլորիս համար ակնհայտ է, որ խոսքի ազատության իրացման հետ կապված խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում հենց ընտրությունների, հատկապես համապետական ընտրությունների ժամանակահատվածում։ Այն որ պետության կողմից խոսքի ազատությունը, մեդիա ազատությունը պետք է երաշխավորված լինի և նաև լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, բնականաբար, քննարկման հարց չէ, և պետությունը այս ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրի։ Սա միանշանակ է, ու նաև ցանկացած վարքագծի տեսակ, որը չի համապատասխանում խոսքի ազատության, մեդիա ազատության իրավունքի շրջանակներին, պետք է արժանանա յուրաքանչյուրիս կողմից հակազդեցության։ Միևնույն ժամանակ, խոսքի ազատության սահմանները պետք է պահպանված լինեն յուրաքանչյուր դերակատարի կողմից՝ հաճախ է ատելության խոսքի, ապատեղեկատվության դրսևորումը մարդու իրավունքների համակարգի վրա ազդեցություն ունենում»։
Ապատեղեկատվությունը նորություն չէ, «այն հին գինի է նոր տակառներում» ասում է Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռաստո Կուզելը։ Նա ընդգծում է, որ արհեստական բանականության գործիքի կիրառմամբ այսօր նոր երևույթների ենք ականատես լինում, և այդ դեպքում դժվարանում է ապատեղեկատվության դեմ պայքարը։