Հայաստանը, որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր, ակտիվ աշխատանքներ է իրականացնում բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ:
Այս մասին փետրվարի 26-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիթեզի եւ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգլանգեի հետ հանդիպման ընթացքում:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ համայնքային այցելությունների օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերելի հարցերը: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործընկերների հետ համատեղ Լոռու, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում կազմակերպվել են «Համայնքների կարիքների վերաբերյալ կլիմայի մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համատեքստում» խորագրով քննարկումներ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքներից մեկն է, եւ այս համատեքստում, կարեւորել է կանաչ օրակարգի առաջնայնությունը: Նա արժեւորել է «Քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիայի ընդունումը, որի նպատակն է խստացնել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարը, ընդլայնել եւ խորացնել ազգային ու միջազգային համագործակցությունը:
Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով կոնվենցիայով նախատեսվող իրազեկվածության բարձրացման դրույթին, նշել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ կազմակերպելով տեղեկատվական եւ իրազեկման արշավներ՝ բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն կատարում է իր հանձնառությունները՝ ուղղված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի եւ Փարիզյան համաձայնագրի դրույթների ու պահանջների լիարժեք իրականացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը ստորագրել է նաեւ Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիան: Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ այն միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որի նպատակն է ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում:
Ռաֆայել Բենիթեզը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ կատարված աշխատանքները մանրամասն ներկայացնելու համար: Նա նշել է, որ նմանօրինակ առանցքային ծրագրերի իրականացման համար ցուցաբերվելու է շարունակական աջակցություն:
Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի եւ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: