Կինոյի վիրտուալ արտադրության առաջատար տեխնոլոգիաները՝ Հայաստանում. նոր էջ՝ ոչ միայն տեղական, այլ նաև գլոբալ կինոարատադրության մեջ: Ընթացքի մեջ գտնվող նախագիծը հնարավորություն կտա համաշխարհային մի շարք հարթակների, օրինակ՝ Netflix-ի, Disney+-ի, Apple TV+-ի և Amazon Studios-ի կինոարտադրությունն իրականացնել հենց Հայաստանում:
Main People Video Production-ի համահիմնադիր-տնօրեն Անդրանիկ Նազարյանը վստահ է՝ վիրտուալ արտադրանքը հնարավորություն կտա միավորել թվային և ֆիզիկական աշխարհները:
Վիրտուալ կինոարտադրության շուկան համաշխարհային մասշտաբով, արագ տեմպերով աճում է և մինչև 2030 թվականը կանխատեսվում է շուկայի կրկնապատկում: Սա նշանակում է կայուն պահանջարկ, միջազգային համագործակցություններ և նոր ներդրումային հնարավորություններ։
«Հայաստանի փոքր երկիր լինելն այս պարագայում առավելություն է: Եղանակային տարբեր պայմանները, տարբեր ռելիեֆները մեծ գրավչություն են կինոարտադրողների համար, եթե լինեն այն տեխնոլոգիաները, որ բերվում են այս ծրագրի նախագծի շնորհիվ»,-նշում է BSC բիզնեսի աջակցության կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը:
Ներդրողների համար սա բացառիկ հնարավորություն է․ մինչև 35% ներդրումների հետվերադարձ՝ ապագային միտված տեխնոլոգիական ենթակառուցվածքի համար: Խոսքը պարզապես ստուդիայի մասին չէ, այլ ամբողջ էկոհամակարգի ձևավորման, որը կարող է ներգրավել միջազգային խոշոր նախագծեր և ապահովել երկարաժամկետ եկամտաբերություն։
«Ներդրումային գրավչությունը շատ կարևոր է: Այս ունիկալ նախագիծը բարձրացնում է նաև մեր պետության ներդրումային գրավչությունը, որովհետև բարձր ցուցանիշներ պարունակող նախագիծ է, և, ըստ էության, նաև համեմատաբար քիչ ռիսկային, այսինքն՝ ցուցանիշներ և ռիսկ հարաբերակցությունը շատ լավ դիրքում են գտնվում»,-ընդգծում է Parvanyan խորհրդատվական ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանը:

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա ՀԿ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ողջունում է նախաձեռնությունը, բայց զուգահեռ նշում, որ այստեղ պետության, ֆիլմարտադրողների և տեխնոլոգների մեծ համախմբում է պետք, առանց որի համաշխարհային շուկա մուտք գործել չի հաջողվի:
