26 փետրվարի 2026 – 13:13 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն դիտարկում է ռազմական տարբերակը, եթե Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ արդյունք չտան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ի վերջո նախագահը որոշում է կայացնելու, թե ինչպես երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չունենա, սակայն այժմ մենք անցկացնում ենք դիվանագիտական բանակցությունների հերթական փուլն իրանցիների հետ՝ փորձելով հասնել խելամիտ համաձայնության։ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Կարծում եմ՝ գերագույն առաջնորդը և նրանց համակարգում բոլորը պետք է դա հասկանան։
Մենք արտահայտվել ենք առավել քան հստակ և հույս ունենք, որ կկարողանանք հասնել լավ լուծման՝ առանց զինված ուժերի մասնակցության, սակայն եթե ստիպված լինենք ներգրավել բանակը, նախագահը, իհարկե, ունի նաև այդ իրավունքը», – ասել է Վենսը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը օրինական պատասխան է տալու ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։
«Ես չեմ ասի, թե կոնկրետ ինչ ենք անելու։ Ակնհայտ է, որ մենք պաշտպանելու ենք մեզ։ Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, մենք կունենանք մեզ պաշտպանելու լիարժեք իրավունք։ Եթե ԱՄՆ-ն հարձակվի, դա կլինի ագրեսիայի ակտ, իսկ մեր պատասխան գործողությունները՝ ինքնապաշտպանություն»,-ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: