
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարի 26-ին ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը նախատեսում է Հիլարի Քլինթոնի հետ լսումները սկսել Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցմունքը լսելու համար հանձնաժողովի անդամները կմեկնեն Նյու Յորքի Չապակուա արվարձան, որտեղ ապրում են Քլինթոնները։
Նախկին պետքարտուղարը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից մեկ օր առաջ (նրա ցուցմունքը սպասվում է փետրվարի 27-ին)։ Զույգի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Էպշտեյնի գործի հետ կապված նոր ֆայլերի հրապարակումից հետո։ Նախկինում չբացահայտված ֆայլերում կան նախկին նախագահի լուսանկարները, որոնցում նա ջակուզիում է՝ կանանց ընկերակցությամբ։
Հիլարի Քլինթոնը նաև նշել է, որ իր ամուսինը մտերիմ հարաբերություններ չի պահպանել Էպշտեյնի հետ և պնդել է, որ վերջինը «թաքցրել է իր հանցագործությունները մինչև դատավճռի կայացումը»։