ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ֆինանսների նախարարությանը կտրամադրի մինչև 250 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն՝ պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման նպատակով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՊՄԳ կառավարման համակարգի գնահատում և բարելավում, մշակել կազմակերպաիրավական և ֆինանսական կառուցվածք, ապահովել աշխատակիցների վերապատրաստում և միջազգային սերտիֆիկացում, ինչպես նաև զարգացնել ՊՄԳ կենտրոնի տեխնիկական և տարածքային ենթակառուցվածքները։
Ֆինանսավորումը կիրականացվի 2026 թվականին և հաջորդող տարիներին։ Նախատեսվող միջոցառումները, ըստ հիմնավորման, ուղղված են պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։
