Աբրահամյան․ Իրականացվեց Խոջալուի կրակակետերի լռեցման օպերացիան՝ բնակիչները հեռացան հայերի թողած միջանցքով

Աբրահամյան․ Իրականացվեց Խոջալուի կրակակետերի լռեցման օպերացիան՝ բնակիչները հեռացան հայերի թողած միջանցքով

26 փետրվարի 2026 – 11:27 AMT

PanARMENIAN.Net – 34 տարի առաջ փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը իրականացրել են Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շեշտել է, որ խաղաղ բնակիչները հեռացել են դեպի Աղդամ հայերի տրամադրած մարդասիրական միջանցքով:

«Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը։

Այդ օպերացիայից հետո՝ խաղաղ բնակիչների՝ հայերի տրամադրված մարդասիրական միջանցքով դեպի Աղդամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ դուրս գալուց հետո, նրանց մի մասը, ներքաղաքական բախումների հետևանքով, ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին խոշտանգումների և սպանվեցին։

Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ երկրի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին։

Թեպետ հետագայում ադրբեջանցիները համազգային ամոթը հաղթահարելու համար փորձեցին որոշ դրվագներ հայերին վերագրել, սակայն արդեն ուշ էր, որովհետև դեռ 1992 թվականին տարբեր միջազգային լրագրողներ, փաստավավերագրողներ ադրբեջանական ոճրագործությունն ու վայրը ֆիքսել էին, և դա մինչև հիմա որպես խարան դաջված է ադրբեջանցիների ճակատներին»,-ասվում է գրառման մեջ:

Արբեջանցիները փորձում են Խոջալուի ողբերգության համար պատասխանատվությունը վերագրել հայերին, սակայն, դա հրապարակավ հերքել է նաև Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում 1992 թ.ապրիլի 2-ին: Մութալիբովը Խոջալուի դեպքերի համար մեղադրել է Ադրբեջանի «Ազգային ճակատին» և նրա ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյին:

Leave a Comment