Iravaban.net–ը ուսումնասիրել է e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում վարչապետի աշխատակազմի կողմից հանրային քննարկման ներկայացված կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը։
Նախագիծը նպատակ է հետապնդում բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։
Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2025 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ են մտել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքները, որոնցով Կրթության տեսչական մարմնին (այսուհետև՝ Տեսչական մարմին) վերապահվել են մի շարք նոր լիազորություններ։ Հաշվի առելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 598-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1139-Ն որոշման մեջ ապահովելով Տեսչական մարմնին վերապահված նոր վերահսկողական գործառույթների իրականացման համար ավելի ֆունկցիոնալ և արդիական ստուգաթերթերի առկայություն։
Բացի այդ, նախորդ տարիների ընթացքում գործող ստուգաթերթերի գործնական կիրարկման ընթացքում բացահայտվել են դրանցում առկա մի շարք թերություններ: Մասնավորապես՝ ստուգաթերերթը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա: Ուստի՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել ստուգաթերթերում որոշ հարցերի ստուգման մեթոդները։
Նախագծի ընդունման արդյունքում նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը, ինչն իր հերթին կապահովի ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, ամբողջական և արդյունավետ իրականացումը:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման նպատակն է բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ հաստատելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և գործնականում կիրառելի ստուգաթերթեր, որը կնպաստի վերահսկողական մեխանիզմների համապատասխանեցումը Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։