«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-յան նախագծի եթերում բացահայտել է ուշագրավ մանրամասներ՝ կապված «Բարսելոնայի» հնարավոր հետաքրքրության հետ։ Նա պատմել է ակումբի նախկին լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյուվերտի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
Ֆուտբոլիստի խոսքերով՝ կապը հաստատվել է անմիջապես Կլյուվերտի նախաձեռնությամբ, երբ վերջինս գտնվում էր «Բարսելոնայի» մարզաբազայում։
«Մի հետաքրքիր պատմություն կա։ Ինձ կապեցին Պատրիկ Կլյուվերտի հետ։ Մենք խոսում էինք տեսազանգով, և նա հետաքրքրվեց իմ ներկայիս կարգավիճակով ու իրավիճակով»,- նշել է Սպերցյանը։
Թեև Կլյուվերտը ներկայումս պաշտոն չի զբաղեցնում ակումբում, նա անմիջական կապի մեջ է եղել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Ըստ հայ կիսապաշտպանի՝ կատալոնացիները տրանսֆերային շուկայում շտապ ձախ եզրային հարձակվող էին փնտրում։
«Կլյուվերտն ինձ հարցրեց. «Ասա ինձ, կարո՞ղ ես հարձակման ձախ եզրում խաղալ»։ Ես ասացի՝ այո։ Նա արձագանքեց. «Արի ես հիմա զանգեմ Դեկուին և ճշտեմ իրավիճակը, որովհետև նրանք չեն կարողանում գնել Նիկո Ուիլյամսին, և նրանց շտապ ձախ եզրային է պետք»»,- պատմել է ֆուտբոլիստը։
Սպերցյանը նշել է, որ պատրաստ էր ցանկացած դիրքում հանդես գալ, եթե խոսքը վերաբերում է նման մեծության ակումբի։
«Նա խոստացավ վերադառնալ այս խոսակցությանը, սակայն հետո այնտեղ որոշակի խնդիրներ առաջացան»,-ասել է Էդուարդը։
Հարցին, թե արդյոք «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին դեմ չէր լինի այս տեղափոխությանը և չէր ստիպի մնալ ակումբում, Սպերցյանը պատասխանել է.
«Կարծում եմ՝ եթե «Բարսելոնան» 6-8 միլիոն եվրոյի առաջարկ աներ, Սերգեյ Նիկոլաևիչն ինձ բաց կթողներ»։