Մեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանը, որտեղ կարտադրվեն հարձակողական անօդաչու թռչող սարքեր, այսօր հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Նրա Telegram գրառման համաձայն՝ գործարանը պատկանում է «Ukrspecsystems» ընկերությանը, որի անօդաչուներն արդեն կիրառվում են պատերազմում և, ըստ պաշտոնյայի, ապացուցել են իրենց արդյունավետությունը բարձր տեխնոլոգիական մարտական գործողությունների պայմաններում։
Զալուժնին նաև նշել է, որ ընկերության ինժեներական և նախագծային կենտրոնը կմնա Ուկրաինայում, իսկ արտադրական գծերը կտեղակայվեն Մեծ Բրիտանիայում։ Այս ձևաչափը նպատակ ունի արագացնել արտադրությունը և ապահովել կայուն մատակարարումներ։
«Մեծ Բրիտանիայում արտադրության մեկնարկը խորը ռազմավարական տրամաբանություն ունի։ Սա ուշադրության շեղում չէ Ուկրաինայից։ Սա մեր համատեղ կարողությունների ընդլայնում է և կայունության երկրորդ շերտի ստեղծում, որը երաշխավորում է արտադրության շարունակականությունը», — ընդգծել է Ուկրաինայի դեսպանը՝ հիշեցնելով, որ «Ուկրաինան պայքարում է անընդհատ հրթիռային հարվածների, ենթակառուցվածքների ոչնչացման և արտադրության սպառնալիքների դեմ»։
Հետևաբար, «դաշնակիցները ոչ միայն աջակցում են միմյանց, այլև ձևավորում են արդյունաբերական անվտանգության ընդհանուր բազա», — հավելել է Զալուժնին։