Հայ–լեհական երկկողմ օրակարգ և եվրոպական հեռանկարներ — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։ Այցը տեղի է ունենում հայ-լեհական հարաբերությունների ակտիվացման և Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտոր՝ բալանսավորված և բալանսավորման օրակարգի համատեքստում։ Փորձագետները վարչապետի այցը դիտարկում են որպես կարևոր փուլ Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացման և Հայաստանի՝ եվրոպական քաղաքական ուղղության ամրապնդման գործընթացում։ Լեհաստանը ոչ միայն ԵՄ-ում ազդեցիկ ձայն, այլև ակտիվ դիրքորոշում ունի Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում՝ նկատում են քաղաքագետները։

Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան երկօրյա պաշտոնական այցի ամբողջական օրակարգը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Լեհաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Առանցքայինը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումն է։ Բանակցություններից հետո Տուսկն ու Փաշինյանը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ հայտարարությամբ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցում տեղեկացրել էր, որ Լեհաստան երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև Հայաստանի վարչապետի հանդիպումները այդ երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի և սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհ վերլուծաբանների հետ։

Հայաստանը և Լեհաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Վերջին տարիներին կողմերը պարբերաբար շփումներ են ունեցել բարձր մակարդակով։ 2023-2024 թվականներին արձանագրվել են փոխայցեր և պաշտոնական հանդիպումներ ինչպես Երևանում, այնպես էլ Վարշավայում։ 2024 թ.-ի նոյեմբերին Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան է այցելել Հայաստան։ Այն ժամանակ քննարկվել էին երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Դեռ այդ այցի ժամանակ էին կողմերն արձանագրել, որ հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը քիչ է օգտագործված՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Այն, որ Հայաստանը և Լեհաստանն արդեն իսկ ունեն պայմանավորվածություն պաշտպանական և ռազմատեխնիկական փոխգործակցության հարցում, այստեղ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի Լեհաստանի հետ ֆիքսենք այնպիսի մակարդակի հարաբերություններ, ինչպես մենք ունենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի հետ։ Շատ լավ կլինի, որ մենք հենց այդ «նշանառությամբ էլ» մոտենանք հայ-լեհական հարաբերություններին»։

Հայկական կողմը տարբեր մակարդակներում ներկայացված է եղել Լեհաստանում անցկացված քաղաքական և տնտեսական միջոցառումներին, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն առաջին բարձրաստիճան այցն է այդ երկիր։

Հայ-լեհական հարաբերություններում տեղ են զբաղեցնում նաև կրթական և մշակութային կապերը, սակայն քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն առանձնացնում է այդ հարաբերությունների խորացումը հատկապես եվրոպական կառույցների շրջանակում  համագործակցության հեռանկարների տեսանկյունից։ Այդ երկիրն ունի ազդեցիկ դիրք ԵՄ որոշումների ձևավորման գործընթացում՝ ասում է քաղաքագետը և թվարկում այն շերտերը, որոնք էական նշանակություն ունեն։

«Լեհաստանը առանցքային երկիր է դարձել ԵՄ-ում։ Եվրոպայի 6-րդ տնտեսությունն ունի։ Տնտեսության ծավալները հասել են 1 տրիլիոն դոլարի։ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական փորձ ունի և այդ փորձով շռայլորեն կիսվում է գործընկերների հետ։ Երկրորդը Լեհաստանը այն երկիրն է, որը գրեթե 5 տոկոս ռազմական ծախսեր է անում և ամբողջությամբ մոդեռնիզացրել է թե բանակը, թե ռազմական արդյունաբերությունը։ Եվրոպայի առաջատարներից է և լոկոմոտիվի դեր է կատարում»։

Բացի այդ, ըստ քաղաքագետի, Հայաստանի որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործընկերների շրջանակի ընդլայնում։ Փաշինյանի այցը Լեհաստան քաղաքագետը նաև այդ համատեքստում է դիտարկում.  Հայաստանի եվրոպական ուղղության ակտիվությունը ենթադրում է ոչ միայն Բրյուսելի, այլև առանձին անդամ պետությունների հետ քաղաքական խորացված երկխոսություն։

«Բոլոր դեպքերում Հայաստանի սուվերենությունը, անվտանգությունը և զարգացման շահերը չեն փոխվում և այդ իմաստով լեհաստանը առանցքային նշանակություն ունի Հայաստանի քաղաքականության համար և հանդիսանում է որպես առանցքային ուղղություն և սա շատ դրական զարգացում է»։

Եթե բանակցությունների ժամանակ արձանագրվեն կոնկրետ պայմանավորվածություններ, դրանք կարող են անդրադառնալ ինչպես տնտեսական համագործակցության ընդլայնման, այնպես էլ Եվրոպական ուղղությամբ քաղաքական երկխոսության խորացման վրա՝ այս համոզմամբ եզրափակեց քաղաքագետը։

Leave a Comment