Ուսանողները կերթևեկեն անվճար․Արմավիրում նոր սոցիալական ծրագիր է ներդրվում

Առաջիկա ամիսներին Արմավիր համայնքում նախատեսվում է ներդնել ուսանողական ավտոբուսներ, որոնք կունենան 3 երթուղի և առավոտյան ժամերին ուսանողներին կհասցնեն Երևան: Մինչ ծրագիրը գործնական փուլ կմտնի, ուսանողները դասերից չուշանալու համար ավելի վաղ են դուրս գալիս տնից, մի քանի տրանսպորտային միջոց փոխում, օգտվում տաքսիներից, որը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ընտանիքների համար: Ուսանողական ավտոբուսներ արդեն կան Մեծամոր ու Վաղարշապատ համայնքներում:

Արմավիրի մարզում դեռ 6 տարի առաջ ներդրված միասնական երթուղային ցանցի մրցույթի արդյունքում բարելավվեց միայն Վաղարշապատի տարածքի տրանսպորտի սպասարկումը, իսկ Արմավիրի մրցույթի արդյունքները  դեռ վիճարկվում են դատարանում: Դրանից տուժում են Արմավիր, Բաղրամյան ու Մեծամոր համայնքների բնակիչները՝ ուսանողների հետ հանդիպման ընթացքում բացատրում է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տրանսպորտի միասնական երթուղու մրցույթ է հայտարարել, որ Արմավիրի բոլոր գյուղական բնակավայրերը կապեր Արմավիր քաղաքի հետ, ունենար կանոնավոր երթուղի և երկրորդ բաղադրիչն այն է, որ Արմավիրի կենտրոնական ավտոկայանից Արմավիր համայնքը կամ այս տարածքը կկապի Երևան քաղաքի հետ: Եվ դա լինելու է մի միասնական  ցանց»:

Գյուղերի մի մասում հիմա տրանսպորտ չկա, գործողներն էլ հնամաշ ավտոբուսներ են կամ  «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ: Հուշակերտի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը  չունի կանոնավոր ուղերթ, ուղևորներին սպասարկում է անկանոն: Այս փաստը հաստատում է վարորդը:

«Քանի դեռ չի լցվել, բոլոր տեղերը զբաղված չեն, կսպասենք մինչև 13:30: Հիմա նայում եմ, նստած են, մի 4 հոգի էլ գալիս ոտքի վրա են կանգնում, ասենք՝ մինչև 13:30-ը սպասեմ, ինչ անեմ: Դրա համար շուտ գնում եմ, որ շուտ գամ ու մյուս ուղերթը գնամ»:      

Այս երթուղին անցնում է 5 գյուղով, այդ թվում՝ Այգեվանով և Լենուղիով: Անկանոն ուղերթները դժվարացնում են ուսանողների ու այլ բնակավայրերում աշխատողների գործը: Այգեվան գյուղից ԵՊՀ ուսանող Ժորա Ստեփանյանն  օգտվում է տաքսիներից:

«Ֆինանասական միջոցների  որոշակի մասը տրամադրում ենք տաքսիներին, որ հասնենք Հոկտեմբերյան (Արմավիր): Մեր Այգեվան համայնքը տրանսպորտ չունի, մասնավորապես՝ ֆիքսված ժամանակահատված, որն ուսանողությանն է տրամադրվում: Բացի այդ մեր տրասպորտը նախ՝ երթևեկելու հստակ ժամանակացույց չունի, և երկրորդ՝ դա շահագործման համար վնաս է, վտանգավոր: Հարցական է՝ տեղ կհասնի, թե չէ»:

«Ես  Ցողիկն եմ, Լենուղի գյուղից: Անցյալ տարի գնալու խնդիր չեմ ունեցել, որովհետև քույրս Երևանում էր աշխատում ու միասին իր մեքենայով էինք գնում: Իսկ այս տարի արդեն խնդիր ունեմ, որովհետև ինքը Երևանում  էլ չի աշխատում»:      

Ուսանողական անվճար ավտոբուսներ արդեն կան Մեծամոր և Վաղարշապատ համայնքներում, որոնց երթուղիներն անցնում են տարբեր բնակավայրերով, հասնում Երևան և վերադառնում նույն երթուղիով: Արմավիրում նախատեսվում է ուսանողական ավտոբուսների  3 երթուղի՝ ասում է համայնքի ղեկավարը:

«Մի երթուղին պետք է դուրս գա Սարդարապատի հուշահամալիրի մոտից՝ Արաքս գյուղից,: Պետք է վերցնի Արաքսի, հետո Լենուղու, Այգեվանի, Սարդարապատի, Մայիսյանի ուսանողներին և գնա Երևան: Հաջորդը պետք է դուրս գա Մյասնիկյան գյուղից, վերցնի Մյասնիկյանի, Հացիկի, Խանջյանի, Լուկաշինի և Նորավանի ուսանողներին, իսկ երրորդը՝ պետք է լինի Արմավիր քաղաքից: Այսինքն՝ Արմավիր քաղաքի բոլոր ուսանողները պետք է մի տեղ հավաքվեն»:

Ուսանողական ավտոբուսից կարող են օգտվել միայն համայնքապետարանի կողմից հաստատված ցուցակով՝ ուսանողական տոմսերի կամ  ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա: Կարևոր պայման է, որ ընտանիքները ժամանակին կատարեն համայնքապետարանի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները: Անվճար ավտոբուսի առկայությունը թեթևացնում է նաև ընտանիքների հոգսը՝ ասում է Հացիկ գյուղից Շողիկը:

«Ես վարձով եմ ապրում, իսկ եղբայրս գնում, գալիս է, որը տան համար շատ խնդիր է, որովհետև տարեկան ահագին գումար տալիս ես տան վարձ: Տնից առանձին ապրում ես, դեռ բավական չէ… մի խոսքով՝ ինձ թվում է դա ամեն դեպքում անհրաժեշտություն է»:

Այս կարծիքն է կիսում նաև Լենուղի գյուղից Ցողիկը.

«Միանշանակ շատ լավ կլինի, որովհետև նախ՝ ուրիշին նեղություն չենք տա, հարմար կլինի, բոլորս տնից դուրս կգանք ու կգնանք: Էլ չենք հասնի Արմավիր, հետո գնանք Երևան: Մենք երեք տրանսպորտ ենք փոխում ու ժամանակ են ծախսում դրա վրա»:

Ուսանողական ավտոբուսների երթևեկը վերահսկվելու է համայնքապետարանի կողմից: Արմավիր համայնքում ուսանողների համար նախատեսված սոցիալական ծրագիրը  դեռ քննարկման փուլում է:

Leave a Comment