Հայտարարելով թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանել։ Սակայն այդ գումարը բյուջեում չկա, և ինչպես միշտ՝ նա ստում է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» շարժման անդամ Հրայր Կամենդատյանը։
«Ամբողջ հույսն այն է, որ աճեր կլինեն, և այդ աճերից՝ հատկացումներ, բայց պետական բյուջեի պլանավորում չի իրականացվել։ Այդ մարդը պետական բյուջեի ծախսային բաժնի վերաբերյալ թյուր կարծիք ունի։ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի մասին ոչինչ չգիտի։ Թոշակների բարձրացումը րոպեական որոշում է, այդ որոշման տակ դրված ոչ մի ֆինանս չկա»,- ասաց մեր զրուցակիցը։
Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին են այդ դեպքում կենսաթոշակային ֆոնդին միջոցներ հատկացվելու։
Ըստ Հրայր Կամենդատյանի՝ կենսաթոշակային ֆոնդին գումարներ ուղղվելու են պաշտպանական, կրթական կամ այլ ծախսերի հաշվին։
«Սրանք խաբեբաներ են, ապիկար խաբեբաներ։ կարելի է երկար-բարակ բացատրությունների հետևից չգնալ. սրանք խաբեբաներ են»,- ասաց տնտեսագետը։
«Հայաքվե» շարժման անդամը չբացառեց, որ ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները բարձրացնեն նաև անապահովության նպաստները, այլ սոցիալական վճարներ։
«Այս քաղաքական խմբակն ապիկարների, ստախոսների, խաբեբաների խմբակ է, այնպես որ ամեն ինչ հնարավոր է։ Եթե սրանք մեր երկրամասը հանձնում են թշնամիներին, ինչի՞ մասին է խոսքը։ 5-10 հազար կրճատեն-խաբեն, մարդկանց ձերբակալեն… Սա հակահայկական սոցիալական քաղաքականության իրականացում է. այլ բան չկա։
Մինչդեռ թոշակները պետք է բարձրացվեն 50 տոկոսով։ Իրենք իրենց անցյալ դեկտեմբերին 3,5միլիարդ բաժանել են, ձևակերպել են իբրև թե պարգևավճար։ Իրենք ստացել են 200-300 հազարից մինչև 7-8 միլիոն դրամ, իսկ թոշակառուներին տալիս են 10 հազար դրամ։ Ընդ որում՝ խաբելու են և չեն տալու, վստահեցնում եմ։ Կմտցնեն որոշակի սեգմենտացում, կտան ինչ-որ մասը. սեգմենտացում կկատարվի»,- ասաց տնտեսագետը։
Հրայր Կամենդատյանը նշեց, որ նախատեսում են վաղը հավաքվել Կառավարության շենքի առջև և հանրությանը տեղեկացնել թոշակների բարձրացման որոշման բոլոր բացերի մասին։
Վերջում մեր զրուցակիցը հավելեց՝ ապրիլի 1-ից թոշակները 10,000 դրամով բարձրացնելը ոչ թե իշխանության բարի կամքի դրսևորում է, այլ «Հայաքվեի» առաջին խոշոր հաղթանակը։
«Նրանք գիտակցեցին իրականությունը, հասկացան, որ կես միլիոն մարդու հասցրել են աղքատության և սովի եզրին։ Ընտրությունների նախաշեմին կանգնած վարչախումբը հասկացավ, որ իր պարտությունն անխուսափելի է և փորձում է «գնել» ժողովրդի վստահությունը չնչին հավելումներով։ Այս 10,000 դրամը ոչ թե հարցի լուծում է, այլ քաղաքական նահանջ։ Մեր պահանջը մնում է անփոփոխ. մենք չենք բավարարվելու այս կիսատ-պռատ քայլով։ Թոշակառուն պետք է ապրի արժանապատիվ, այլ ոչ թե գոյատևի իշխանության տված «ողորմությամբ»»,- ամփոփեց Հրայր Կամենդատյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։
նրա խոսքով՝ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ։ Հաշվարկների մեջ հետվճարը ներառված չէ։