«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունը պարզաբանումներ է ներկայացրել ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության վերաբերյալ՝ անդրադառնալով հանրության շրջանում առաջացած աղմուկին: Ընկերությունը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ջուրը կմատակարարվի առավոտյան ժամը 07:00-ից մինչև կեսգիշեր՝ օրական 17 ժամ տևողությամբ:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ջրամատակարարման ժամանակացույցը ենթարկվում է փոփոխության՝ ելնելով մի շարք գործոններից: «Տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման, եղանակային պայմանների փոփոխությունների, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորությունների, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազման և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճի պատճառով գրաֆիկը փոփոխվում է հիմնականում ամռան ամիսներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուրը» նշում է, որ ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը թույլ կտա ցերեկային ժամերին սպառողներին ապահովել ավելի կանոնավոր ջրամատակարարմամբ: Ընկերությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության և Ջրային կոմիտեի հետ պայմանավորվածությամբ շարունակվում են խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք ուղղված են ջրի կորուստների նվազեցմանը և առաջիկա տարիներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը:
Ընկերությունն ընդգծում է, որ իր պարտավորությունների շրջանակներում պարբերաբար տեղեկացնում է սեզոնային տատանումների մասին: «Բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025 թվականի ամռանն Armenia Today-ին մեկնաբանել էր Երևանում ջրամատակարարման, ջրի հետ կապված բնակիչների ահազանգերը և վստահեցրել, որ կառավարությունում զբաղվում են այդ հարցով։ Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, սակայն, խուսափել էր պատասխանել Armenia Today-ի՝ ընկերության հնարավոր պետականացման մասին հարցին։
