Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները Բուխարեստում ներկայացրել են ՀՀ գանձապետական համակարգի արդիականացմանն ուղղված նախաձեռնությունները

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են հանրային ծախսերի կառավարման գործընկերային ուսուցման ցանցի (PEMPAL) գանձապետական փորձի համայնքի (TCOP) կողմից Բուխարեստում կազմակերպված դրամական միջոցների կառավարման և կանխատեսման, ինչպես նաև գանձապետական գործառույթներում ՏՏ կիրառման վերաբերյալ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ինչպես Ռումինիայի, այնպես էլ մասնակից երկրների՝ գանձապետական գործառնությունների զարգացման, կանխիկի կառավարման ամրապնդման, ինչպես նաև պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականության հետ դրա կոորդինացման փորձին:

Միջոցառման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը հանդես է եկել թեմատիկ շնորհանդեսով՝ ներկայացնելով Հայաստանի փորձն ու ոլորտում կիրառվող մոտեցումները։ Նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև գանձապետական համակարգի արդիականացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնություններին և արձանագրված առաջընթացին։

Leave a Comment