Ներկայացուցիչների պալատում և Սենատում փետրվարի 25-ին հանդես գալով ամենամյա ուղերձով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն իր պատմության մեջ ռեկորդային հաջողությունների է հասել, «մի այնպիսի վերափոխման, որի նմանը ոչ ոք երբեք չի տեսել»:
«Մեր ազգը վերադարձել է՝ ավելի մեծ, ավելի լավ, ավելի հարուստ և ուժեղ, քան երբևէ։ Սա Ամերիկայի ոսկեդարն է», — ասել է Թրամփը։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո ԱՄՆ նախագահը հաջողություններ է տեսնում ամենուրեք. ըստ Թրամփի՝ ԱՄՆ սահմանները անվտանգ են, երկրի «տնտեսությունը զարգանում է» և «Ամերիկայի թշնամիները վախենում են»։
Ներքին քաղաքականության մասին խոսելիս Թրամփը նշել է, որ բենզինի գներն իջել են, գնաճը կայունացել է և անշարժ գույքի շուկան բարելավվել է։ ԱՄՆ նախագահը նաև գովաբանել է մաքսատուրքերի հետ կապված իր որոշումները՝ պնդելով, որ դրանցից ստացված եկամուտը կարող է հետագայում փոխարինել ամերիկացիների կողմից վճարվող եկամտային հարկի համակարգը։
Ըստ Թրամփի՝ իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ն արտաքին առևտրում ներգրավել է ավելի քան 18 տրիլիոն դոլար։
ԱՄՆ նախագահի ազգին ուղղված ուղերձի մի մասը նվիրված է եղել երկրի արտաքին քաղաքականությանը։ Օրինակ՝ Թրամփը հիշեցրել է, որ կարողացել է վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ առևանգված իսրայելցի պատանդներին։
Նա նաև կրկնել է, որ իր միջնորդությամբ «ութ պատերազմ է ավարտվել»։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ըստ Թրամփի՝ իր վարչակազմը «հսկայական ջանքեր է գործադրում» պատերազմը ավարտելու համար։ Թրամփը նաև պնդել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի, եթե ինքը նախագահ լիներ։
ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրները թվարկելիս Թրամփը դրանց համար մեղադրել է դեմոկրատներին։ Դեմոկրատական կուսակցության անդամները սուլել են, երբ նա անդրադարձել է ներգաղթի դեմ պայքարի հարցին։
Թրամփի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը քննադատող ցուցարարները հավաքվել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքի դիմաց։ Աչքի ընկնող կարգախոսների թվում են եղել ««Դոնալդ Ահեղի խելագար գահակալությունը», «Ներգաղթյալները հանցագործներ չեն, նախագահն է հանցագործ» և «Թրամփուտին»։